Նորություններ
Կարիքների գնահատում և ուսումնասիրություններ ՀՀ Արմավիրի մարզի կրթական հաստատություններում
03.08.2022

«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչը: Ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում ՀՀ մարզերի համայնքներում այս տարի ևս կմեկնարկի նախակրթարանների նոր միկրոծրագրերի իրականացումը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ներկայացուցիչները կարիքների գնահատման, տարածքի ուսումնասիրման և իրազեկման գործողությունների կազմակերպման նպատակով օգոստոսի 1- ին և 2-ին աշխատանքային այցեր են իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի կրթական հաստատություններ:
ՀՀ Արմավիրի մարզպետարանի համապատասխան վարչության կողմից ԾԻԳ է ներկայացվել մարզի այն համայնքների ցանկը, որոնցում առկա է նախակրթարան հիմնելու անհրաժեշտությունը: Հավելենք, որ ենթաբաղադրիչի շրջանակում հուլիսից մեկնարկել է ուսումնասիրությունների իրականացումը ՀՀ բոլոր մարզերում, որը կվերհանի սոցիալապես անապահով այն համայնքներն ու հաստատությունները, որոնք կարող են իրականացնել նախադպրոցական կրթական ծառայություններ:
Այս գործընթացի և հավաքագրված տեղեկատվության վերլուծության արդյունքում մեկնարկել են տարածքի դիտարկումները:Աշխատանքային այցերի մեկնարկը տրվեց ՀՀ Արմավիրի մարզի Տարոնիկի միջնակարգ դպրոցից, ապա ԾԻԳ-ի աշխատանքային խումբը եղավ Լուկաշինի, Մյասնիկյանի, Բերքաշատի, Արազափի, Զարթոնքի, Անկաշենի, Այգեշատի, Դալարիկի, Երվանդաշատի միջնակարգ դպրոցներում: Այցերի շրջանակներում տեղի ունեցան աշխատանքային հանդիպումներ կրթական հաստատությունների տնօրենների, հետ: Հանդիպումների ընթացքում ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Ռ. Խաչատրյանը և ճարտարագետ-խորհրդատու Վ. Բոյաջյանը պարզաբանեցին նախադպրոցական կրթության միկրոծրագրերի բնույթը, անդրադարձան միկրոծրագրերի կազմակերպման գործընթացին, դիտարկեցին տարածքի նպատակահարմարությունը: Նշենք, որ ուսումնասիրությանը հաջորդելու են գնահատման և խթանման աշխատանքները: Այսպիսով՝ Լրացուցիչ ֆինանսավորմամբ նախատեսվում է մատչելի և կայուն նախադպրոցական կրթական ծառայությունների ստեղծում ընտրված համայնքներում: