Նորություններ
Լրացուցիչ ֆինանսավորմամբ Կրթության բարելավում ծրագրի շրջանակում կստեղծվեն թվով 80 նախակրթարաններ
11.07.2022

Լրացուցիչ ֆինանսավորմամբ Կրթության բարելավում ծրագիրը կհամաֆինանսավորի նախադպրոցական կրթության 80 միկրոծրագրեր՝ ՀՀ հեռավոր և խոցելի համայնքներում: Միկրոծրագրերի իրականացման աշխատանքները համակարգվում են ‹‹Դպրոցի երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչով:
Ենթաբաղադրիչի շրջանակում հուլիսից մեկնարկել է
ուսումնասիրությունների իրականացումը ՀՀ մարզերում, որը կվերհանի սոցիալապես անապահով այն համայնքներն ու հաստատությունները, որոնք կարող են տրամադրել նախադպրոցական կրթական ծառայություններ: Մեկնարկել են նաև տեղեկատվության հավաքագրման և կարիքների գնահատման աշխատանքները` բացահայտելու այն համայնքները, որոնք անկարող են ապահովել համաֆինանսավորում ծրագրում և հետևաբար կարիք ունեն ամբողջական ֆինանսավորման:
Այս գործընթացի և հավաքագրված տեղեկատվության վերլուծության արդյունքում օգոստոսից կմեկնարկեն իրազեկման գործողությունների կազմակերպման աշխատանքները համայնքի ղեկավարների, ծնողների և շահագրգիռ կողմերի համար ներկայացնելու երեխաների, այդ թվում նաև հատուկ կարիք ունեցող երեխաների համար նախադպրոցական կրթության հնարավորություններն ու առավելությունները, ինչպես նաև միկրոծրագրերի իրականացման ընթացակարգերը: Դրամաշնորհային ծրագրերի մանրամասն նկարագրությունը տրված է «Դրամաշնորհներ նախադպրոցական կրթական միկրոծրագրեր իրականացնող հաստատություններին» Ղեկավար ձեռնարկում:
Այսպիսով՝ Լրացուցիչ ֆինանսավորմամբ նախատեսվում է մատչելի և կայուն նախադպրոցական կրթական ծառայությունների ստեղծում ընտրված 80 համայնքներում: Ենթաբաղադրիչի շրջանակում նախատեսվում է նաև (անհրաժեշտ տարածքների առկայության դեպքում) նախադպրոցական հաստատությունների հարակից տարածքներում խաղահրապարակների ստեղծում՝ դրանով իսկ նպաստելով նախադպրոցական տարիքի երեխաների ֆիզիկական դաստիարակության մեծացմանը: