Նորություններ
‹‹Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացմանը›› բաղադրիչի շրջանակում նախատեսվող աշխատանքներ
22.06.2022

Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ և վերջինիս հետ կնքված համաձայնագրերով իրականացնում է Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչն է Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացմանը:
ՆՄՀ-ի դրամաշնորհները մրցակցային հիմունքներով ուղղվում են բուհերում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը, նրանց ընդհանուր կարողությունների հզորացմանը: Նշված դրամաշնորհների տրամադրումը միաժամանակ ուղղված է նպաստելու բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական գործունեության որակի և արդյունավետության բարձրացմանը, կառավարման համակարգի զարգացմանը, մասնագիտական կրթական ծրագրերի և դասավանդման մեթոդների արդիականացմանը, կրթական գործընթացում գիտահետազոտական աշխատանքների ներդրմանը, ինչպես նաև աշխատաշուկայի հետ կապերի զարգացմանը։ ՆՄՀ-ն աջակցում է բուհերի այն ծրագրերին, որոնք ուղղված են կրթության արդիականության, համապատասխանության, արդյունավետության և հասանելիության բարձրացմանը: ՆՄՀ-ի ձևավորման աշխատանքները՝ փորձնական փուլը իրականացվել է Համաշխարհային բանկի ֆինանսական օժանդակությամբ իրականացվող «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակներում, որի ընթացքում բուհերին տրամադրվել է 10 դրամաշնորհային ծրագիր: ՆՄՀ-ի դրամաշնորհների տրամադրումը շարունակվել է Համաշխարհային բանկի ֆինանսական օժանդակությամբ իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում։ Այս ծրագրի շրջանակներում կազմակերպվել է բուհերին դրամաշնորհների տրամադրման երեք շրջափուլ՝ առաջին (2015-2017 թթ.), երկրորդ /հավելյալ/ (2016-2018 թթ.) և երկրորդ հիմնական (2019-2021 թթ.)՝ յուրաքանչյուր փուլում ֆինանսավորվել են վեց դրամաշնորհային ծրագրեր:
Հաշվի առնելով ժամանակի մարտահրավերները «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման» շրջանակներում կազմակերպվող ՆՄՀ-ի նոր շրջափուլն համահունչ կլինի ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրին և ուղղված կլինի բնագիտական ուղղություններով (ԳՏՃՄ/STEM) բարձրագույն կրթության որակի զարգացմանը: Հայտատու բուհերի համար, բնագիտական մասնագիտությունների գծով գենդերային հավասարակշռվածությունը և ներկայացվածությունը բարելավելու նպատակով, կսահմանվեն նոր պահանջներ իգական սեռի ուսանողների ընդգրկվածության և պրոֆեսորադասախոսական կազմում վերջիններիս ներգրավվածության ուղղությամբ։ Մասնավորապես․
(ա) Բուհերի կողմից կսահմանվեն թիրախներ և քվոտաներ իգական սեռի ուսանողների ընդգրկվածության և պրոֆեսորադասախոսական կազմում վերջիններիս ներգրավվածության համար,
(բ) բուհերի կողմից կմշակվեն և կիրականացվեն իրազեկման բարձրացման ռազմավարություններ՝ ուղղված պոտենցիալ իգական սեռի դիմորդներին, հանրակրթական դպրոցներում սովորողներին՝ ԳՏՃՄ/STEM ոլորտներում նրանց ներգրավվածությունը մեծացնելու նպատակով: