Նորություններ

‹‹Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման գերազանցության կենտրոնը»իրականացնում է Հայաստանում նոր կորոնավիրուսի տարբերակների մոլեկուլագենետիկական մոնիթորինգ

03.05.2022

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի լաբորատորիայի, կենսաինֆորմատիկայի գիտական խմբի և Հայ-ռուսական համալսարանի ‹‹Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման գերազանցության կենտրոնի» կողմից 2021թ-ից իրականացվում է Հայաստանում շրջանառվող նոր կորոնավիրուսի տարբերակների մոլեկուլագենետիկական ամենամսյա մոնիթորինգ՝ հաջորդ սերնդի (երրորդ սերնդի Oxford Nanopore MinION) սեքվենավորման կիրառմամբ։ Այս աշխատանքներն իրականացվում են ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ համատեղ։ Հետազոտություններն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բազային ծրագրի, ՀՀ գիտության կոմիտեի՝ սարքավորումների համար հատկացվող դրամաշնորհների, ՀԲ համաֆինանսավորմամբ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում Հայ-ռուսական համալսարանում իրականացված «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման գերազանցության կենտրոն» դրամաշնորհային ծրագրի և Seeding Labs «Instrumental Access» սարքավորումների 2017 և 2019 թթ-ի դրամաշնորհների աջակցության շրջանակներում, առավելապես երիտասարդ գիտնականների ջանքերով։
Այս ընթացքում իրականացվել է COVID-19-ի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների 250-ից ավելի նմուշներում կորոնավիրուսի ամբողջական գենոմի վերծանում:
Հետազոտությունների արդյունքներով՝ դեռևս 2021 թ-ի հունվար ամսվա դրությամբ Հայաստանում շրջանառվում էր SARS Cov-2-ի D681G տարբերակը։ Արդեն մարտ ամսին երկիր ներթափանցեց «Ալֆա» կամ բրիտանական տարբերակը, որը հունիս ամսին տեղակալվեց ավելի վտանգավոր՝ «Դելտա» տարբերակով։ Ներկայում Հայաստանում շրջանառվում է COVID-19 «Օմիկրոն» տարբերակը, որն այսօր հանդիսանում է դոմինանտ շրջատիպը մեր երկրում։ Ամենաթարմ տվյալներով՝ հայտնաբերվել է նաև «Օմիկրոնի» «BA.2» ենթատարբերակը, որն ավելի վարակիչ է և, համաձայն մի շարք հետազոտությունների, կարող է ունենալ հիվանդության ավելի ծանր ընթացք:
«Այս հետազոտությունների ամենամսյա իրականացումը թույլ է տվել վերահսկել Հայաստանում COVID-19 նոր գենատարբերակների ներթափանցումը և տեղակալման դինամիկան, պարզաբանել վիրուսի գենատարբերակների ներթափանցման հնարավոր ուղիները, գնահատել մուտացիաների ազդեցությունը ՊՇՌ թեստերի ճշտության վրա, ինչպես նաև հիմք ապահովել համաճարակային միջոցառումների ճիշտ կազմակերպման և դրանց շտկման համար՝ կախված տվյալ պահին երկրում շրջանառվող տարբերակից։ Այս ծրագիրը նաև օրինակ է, թե ինչպես գիտական կազմակերպությունները, դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում ստեղծված գերազանցության կենտրոնները կարող են աջակցել պետական կառավարման համակարգին՝ լուծելու կարևոր խնդիրներ» - ասաց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, ՀՌՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Արսեն Առաքելյանը:
Հետազոտության շրջանակում ստացված գենոմային տվյալները համալրել են GISAID Epicov տվյալների շտեմարանը, որը SARS-CoV-2 հաջորդականությունների աշխարհի ամենամեծ պահոցն է։
Նմուշները և սեքվենավորման նյութերի մի մասը տրամադրել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են «The Evolving Faces of the SARS-CoV-2 Genome» և «Journal of Virological Methods» ամսագրերում:
 

Նորություններ

27.01.2023 Հանդիպում Կրթության Կառավարման և Տեղեկատվական Համակարգի (ԿԿՏՀ) բարելավման նպատակով աջակցություն տրամադրող անհատ խորհրդատուների և ՀՀ դպրոցների տնօրենների հետ ‹‹Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում›› ենթաբաղադրիչը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հետ համատեղ կբարելավվի ԿԳՄՍՆ կարողությունները՝ տվյալների հավաքագրման, վերլուծության միջոցով վերահսկելու հայաստանյան դպրոցների գործունեության արդյունավետությունը: Այս Ենթաբաղադրիչը կխթանի տվյալներով հիմնավորված և փաստերի վրա հիմնված կրթական քաղաքականության մշակման գործընթացը։ Ներկայումս ընթացքում է տվյալների... 26.01.2023 ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ը մեկնարկել է թվով 4 ավագ դպրոցների վերակառուցման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ‹‹Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը›› ենթաբաղադրիչի շրջանակում մեկնարկել է թվով 4 ավագ դպրոցների վերակառուցման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները: Նշենք, որ շինարարական աշխատանքների տևողությունը վերոնշյալ ավագ դպրոցներում կազմելու է մոտ 27 ամիս: Ներկայումս ընթանում են վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի վերամշակման աշխատանքները: Հավելենք, որ... 19.01.2023 Նախադպրոցական կրթության միկրոծրագրերի Կառավարման հանձնաժողովը հաստատել է միկրոծրագրերի իրականացման համար ընտրված հաստատությունների ցանկը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրումը նախակրթարանների հիմնման նպատակով: 2023 թվականի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված նախնական աշխատանքները սկսվել են 2022 թվականի հունիսից: Ծրագրի արդյունավետությունն ու նպատակայնությունը բարձրացնելու նպատակով 2022 թվականի հունիս օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ թվով 5 մարզերի մարզպետարանների համապատասխան վարչություններից ԿԾԿ ԾԻԳ է...