Նորություններ
‹‹ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոն՝ ՆՄՀ դրամաշնորհով
23.03.2022

Մարտի 21-ին մոնիտորինգային այցերի շրջանակներում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներն ամփոփիչ մշտադիտարկում իրականացրեցին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում (ԲՊՀ): Աշխատանքային խմբին դիմավորեց ԲՊՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը: Ռեկտորը փաստեց՝ ‹‹Ծրագրերի շրջանավարտները կձևավորեն կոմպետենցիաներ, որոնք կիրառելի են թարգմանության, ձայնի ճանաչման, տեքստի մեքենայական վերլուծության, որոնողական համակարգերի, արհեստական բանականությանը վերաբերող ծրագրերի մշակման գործընթացում››,- նշեց ԲՊՀ ռեկտորը: Աշխատանքային խումբը ԲՊՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Քրիստինա Ծատուրյանի ուղեկցությամբ շրջեց դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Լեզվական տեխնոլոգիաների և ռեսուրսների հետազոտական լաբորատորիայի, Գիտակրթական միջոցառումների սրահի և Ուսանողների տեխնոլսարանի համար հատկացված և բուհի կողմից վերանորոգված տարածքներում: Հիշեցնենք, որ ծրագրի իրականացումը մեկնարկել է 2019 թվականի հուլիսին: Այսօր ԲՊՀ-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հիմնվել է Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոն և սպասարկող տեխնոպարկ՝ համալրված անհրաժեշտ սարքավորումներով, գույքով և ծրագրային փաթեթներով, մշակված են «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական և «Համընթաց թարգմանություն» մագիստորսական մասնագիտական կրթական ծրագրերը, ինչպես նաև հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակների առցանց գնահատման գործիքակազմը: Ստեղծվել և մշակվել է UD-Armenian_BSUT շարահյուսական ծառադարան՝ հրապարակված Universal Dependancies շտեմարանում:
Հանդիպման ընթացքում աշխատանքային խմբի անդամները դրամաշնորհային ծրագրի կառավարման անձնակազմի հետ քննարկեցին ծրագրով սահմանված նպատակներն ու արդյունքները, դրանց դրսևորումը մոնիտորինգային պլանով ձևակերպված ցուցիչների մակարդակում: Այցի ընթացքում ԲՊՀ դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ին մասնագիտական աջակցություն ցուցաբերող անհատ խորհրդատու Ա.Մարգարովի կողմից դիտարկվեց ծրագրի շրջանակներում ձեռքբերված և տեղակայված համակարգչային ծրագրերի համապատասխանությունը՝ պայմանագրերով սահմանված բնութագրերին և հատկորոշիչներին, քննարկվեց դրանց կիրառության հետ կապված մի շարք հարցեր: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը խոսեց կատարված ծավալուն աշխատանքի մասին, ինչպես նաև մանրամասնեց ծրագրից ակնկալվող արդյունքներն ու ծրագրի շարունակականությանն ուղղված որոշ քայլեր: Ք. Ծատուրյանի հավաստմամբ, բուհը, համաձայն դրամաշնորհային պայմանագրի, մշակել և ԿԳՄՍ նախարարությանն է ներկայացրել «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական և «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման փաթեթը, որն արդեն հաստատված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից: Նա հավելեց, որ ամփոփվել են թվային ենթակառուցվածքներում հայերենի լիարժեք գործառության հիմքերի ապահովմանն ուղղված թվային և վեբ ռեսուրսների գնահատման ու թեստավորման գործիքակազմի ստեղծման աշխատանքները: Նշենք, որ բուհի ռեսուրսների հաշվին արդեն իսկ մշակվել է «ՀայԼինգվոՏեք» կենտրոնի կանոնադրությունը և զարգացման հայեցակարգը: Ամփոփվել են հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակների (ՀԻՄ) (A1-ից C2) նկարագրիչների լրամշակման և ՀԻՄ A1-ից C2 մակարդակների գնահատման թեստերի մշակման աշխատանքները: ԿԾԿ ԾԻԳ-ին մասնագիտական աջակցություն ցուցաբերող անհատ խորհրդատու Ա. Մարգարովը նշեց դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մշակված և Moodle էլեկտրոնային հարթակում զետեղված Հայերենի իմացության մակարդակների գնահատման թեստերի տեխնիկական համապատասխանության վերաբերյալ, ինչը նախապես դիտարկվել և ուսումնասիրվել էր խորհրդատուի կողմից: Նշենք, որ նորաստեղծ կենտրոնի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս կիրառելու նպատակով, դրամաշնորհային ծրագրի այս փուլում ձեռք է բերվել անհրաժեշտ մասնագիտական էլեկտրոնային գրականություն: Ծրագրի շարունակականությանն ուղղված քայլերը ևս ակնհայտ են՝ մասնավորավես քննարկման փուլում է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի և Թվային տեխնոլոգիաների կենտրոնի հետ կրթական համատեղ ծրագրերի անցկացման հնարավորությունները, համատեղ ուսումնական պրակտիկաների կազմակերպումը: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել համատեղ հետազոտական ծրագրերի իրագործման, ասպիրանտական թեզերի համաղեկավարման, ԲՊՀ-ի դասախոսների վերապատրաստման, համատեղ արհեստանոցների ստեղծման ուղղությամբ:
Ծրագրի շրջանակում գործընկերների ընդլայնման, համագործակցային ցանցերի ստեղծման նպատակով, բուհը քննարկում է նաև մասնավոր սեկտորի հետ համատեղ ծրագրերի անցկացման հնարավորությունները: Այս ծրագրի կարևոր առավելություններից մեկը միջոլորտային կապերի և կրթական ծրագրերի համատեղումն է, քանի որ լեզվաբանական և ՏՏ կրթությունների համատեղմամբ ստանում ենք նոր՝ մրցունակ մասնագիտություն և գիտական զարգացման ուղղություն:Այս նոր մասնագիտությունը կարող է մեծ պահանջարկ ունենալ բիզնեսի ոլորտում, որը պետության համար հավելյալ արժեքի ստեղծման ուղղությամբ նոր խթան է:
Հավելենք, որ Բրյուսովի անվան պետական համալսարանում դրամաշնորհային ծրագրի արդյունքում ժամանակակից կենտրոն է գործում, որը կարող է դառնալ լեզվաբանության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացման գերազանցության հարթակ: