Նորություններ
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը ԵՊԲՀ-ում ներկա է գտնվել «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի բացմանը
17.03.2022

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատն այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ ներկա գտնվել «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի բացմանը: ԿԳՄՍՆ ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գ. Հովհաննիսյանի և ԵՊԲՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար, գիտության գծով պրոռեկտոր Կ. Ենկոյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաստեղծ կենտրոնով, ծանոթացել ստեղծված հնարավորություններին և գործունեության ուղղություններին: Նշենք, որ Կենտրոնը կառուցվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող, ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրով:
Շրջացի ընթացքում դրամաշնորհային ծրագրի ղեկավարը խոսեց կատարված ծավալուն աշխատանքի, հետագա նպատակների մասին։ Մանրամասնեց ծրագրից ակնկալվող արդյունքները և ծրագրի շարունակականությանն ուղղված որոշ քայլեր: ԵՊԲՀ պրոռեկտորը ներկայացրեց կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը և գիտական սարքավորումները` ըստ իրենց կիրառական նշանակության: Նրա խոսքով ՝ կենտրոնի հիմնական փիլիսոփայությունն է՝ այնպես անել, որ այս նախագծի օգնությամբ ուղեղի ուսումնասիրության մեր հետազոտությունները կարողանան որոշել Հայաստանի տեղը միջազգային գիտական քարտեզի վրա։
‹‹Մեր համալսարանի հետազոտական նպատակների շարքում առանձնանում է Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոնի հիմնադրումը, որը միտված է լինելու ուղեղի քրոնիկ հիվանդությունների կանխարգելման և մարդու ողջ կյանքի ընթացքում ուղեղի առողջ կենսագործունեության ապահովմանը: Ուղեղի հետազոտությունների ոլորտում ազգային մրցունակություն ապահովելու և գերազանցության հասնելու նախաձեռնության համար մշակվել է ընդգրկուն ծրագիր, որի իրականացման համար այս Ծրագիրը վճռորոշ մեկնարկ էր››,- նշեց պրոռեկտորը։
Կ. Ենկոյանի խոսքով, ԵՊԲՀ դրամաշնորհային ծրագրի հիմնական խնդիրն է ուղեղի հետազոտությունների խթանման միջոցով զարգացնել համալսարանի հետազոտական և նորարարական կարողությունները՝ շեշտը դնելով ուղեղի հիվանդությունների բուժման բջջային և դեղորայքային նյարդապաշտան մեխանիզմների վրա:
Շրջայցն ամփոփվեց կենտրոնի բացման արարողությամբ: Իր բացման խոսքում Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը կարևորելով համատեղ աշխատանքը` շնորհակալություն հայտնեց Կրթության թիմին նման հսկայածավալ աշխատանքի և կրթության ոլորտին ցուցաբերած հետևողական աջակցության համար, ընդգծեց , որ նմանատիպ ենթակառուցվածքներ արդեն իսկ ստեղծված են թվով 17բուհերում , նշեց որ Համաշխարհային բանկն արդեն շուրջ 30 տարի է Հայաստանում է, և կրթության ոլորտում ունեցած համագործակցության արդյունքում իրականացվել և իրականացվում են կարևոր և արդյունավետ ծրագրեր` հանրակրթությունից մինչև բուհական համակարգ: Անդրադառնալով դրամաշնորհային ծրագրին ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրենը փաստեց՝ կենտրոնի նյութատեխնիկական բազան կարող է հարթակ ծառայել գիտահետազոտական կենտրոնների ուսանողների և գիտնականների աշխատանքների իրականացման համար, ինչը կնպաստի ոչ միայն բուհի, այլ նաև Հայաստանի Հանրապետության գիտության որակի բարձրացմանը: Այս կենտրոնի ստեղծումը թույլ կտա ամրապնդել համագործակցությունը միջազգային առաջատար գիտական կենտրոնների հետ, ձեռք բերել նոր գործընկերներ՝ դրանով բարձրացնելով գիտության որակը և արդյունավետությունը ՀՀ-ում: Կարոլին Գեգինատը ընդգծեց , որ ակնկալում է համագործակցության ընդլայնում` ի աջակցություն Հայաստանի կրթության ոլորտի :