Նորություններ

Ամփոփվում են Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի ստեղծման աշխատանքները

27.01.2022

Հունվարի 27-ին աշխատանքային այցով Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) էին «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի ամփոփիչ մշտադիտարկումն էր: ԵՊԲՀ դրամաշնորհային ծրագրի իրականացումը մեկնարկել է 2019 թվականին, երբ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում ՆՄՀ դրամաշնորհներ տրամադրվեցին 6 բուհերի: Նշենք, որ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում միջազգային չափանիշներին համապատասխան հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն է ստեղծվում, որը կարող է դառնալ հիմնարար գիտության զարգացման գերազանցության հարթակ և մրցունակ՝ եվրոպական նմանատիպ լավագույն լաբորատորիաների հետ։ ԵՊԲՀ-ի գիտության գծով պրոռեկտոր, դրամաշնորհային ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի խոսքով, ‹‹Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի›› ստեղծման արդյունքում ակնկալվում է նոր թափ հաղորդել Ալցհեյմերի հիվանդության, աուտիզմի և կաթվածի ուղղությամբ տարվող ուսումնասիրություններին, բարձրացնել իրականացվող հետազոտությունների որակը, մեծացնել հետազոտական ուղղվածություն ունեցող անձնակազմի տեսակարար կշիռը, ինտեգրել ուսանողներին գիտահետազոտական աշխատանքների մեջ իրենց կրթության տարբեր փուլերում, զարգացնել ուսանողների մոտ հետազոտական մտածելակերպ:
Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը խոսեց կատարված ծավալուն աշխատանքի, հետագա նպատակների մասին։ Մանրամասնեց ծրագրից ակնկալվող արդյունքները և ծրագրի շարունակականությանն ուղղված որոշ քայլեր: Այցի ընթացքում աշխատանքային խմբի անդամները դրամաշնորհային ծրագրի անձնակազմի հետ քննարկեցին ծրագրով սահմանված արդյունքները, դրանց դրսևորումը մոնիտորինգային պլանով ձևակերպված ցուցիչների մակարդակում: Ինչպես ներկայացրեց դրամաշնորհային ծրագրի ղեկավարը՝ հատուկ առանձնացված տարածքում բուհի կողմից իրականացվել են անհրաժեշտ հիմնանորոգման աշխատանքներ, մասնավորապես՝ կրող պատերի ամրացման, տանիքի կառուցման և անհրաժեշտ կոմունիկացիաների անցկացման աշխատանքներ: Ձեռք են բերվել օդափոխման և անվտանգության համակարգեր: Իրականացվել են նաև կենտրոնի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ. ստեղծվել է հավելյալ մուտքի հնարավորություն, հարող տարածքը կառուցապատվել է և ժամանակակից տեսք ստացել: Ծրագրի արդյունքում կենտրոնը զինվել է անհրաժեշտ գույքով և տեխնիկայով, լաբորատոր սարքավորումներով: Կրթական ծրագրերի կենտրոնի ներկայացուցիչները շրջեցին նորաստեղծ կենտրոնում, որտեղ պրոռեկտորը ներկայացրեց կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը և գիտական սարքավորումները` ըստ իրենց կիրառական նշանակության: Ծրագրին մասնագիտական աջակցություն ցուցաբերող անհատ խորհրդատու Կ. Թռչունյանը դիտարկեց ձեռք բերված սարքավորումները և նյութերը, աշխատանքային խմբի հետ քննարկեց լաբորատոր սարքավորումների գործարկման և պահպանման հետ կապված մի շարք հարցեր:
Նշենք, որ դրամաշնորհային ծրագրի կարևոր բաղադրիչ է նաև կրթական բովանդակության ստեղծումը: Հավելենք, որ ստեղծվող Կենտրոնի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս կիրառելու նպատակով, իրականացվել է նաև համապատասխան կրթական բովանդակության ստեղծում. մասնավորապես՝ այս փուլում հաստատվել է կենտրոնի կանոնակարգը, կառուցվածքը և հաստիքացուցակը, ինչ չափազանց կարևոր է ծրագրի շարունակականության ապահովման տեսանկյունից: Դրամաշնորհային ծրագրի համակարգողի հավաստմամբ, մի շարք քայլեր են ձեռնարկվել նաև ԵՊԲՀ-ի կրթական գործընթացի բովանդակության արդիականացման ուղղությամբ: Մշակվել, կազմվել և տպագրվել է ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների, հետազոտողների, հետդիպլոմային կրթության համար երկլեզու ուսումնական ձեռնարկները, ոլորտում աշխատող մասնագետների համար կարողությունների զարգացման ուղղությամբ վերապատրաստման ուսումնամեթոդական ձեռնարկը, ինչպես նաև Կենտրոնի մասին տեղեկատվական ձեռնարկը: Տպագրված 5 ձեռնարկները, ի տարբերություն բուհում մինչ այս առկա հատվածային գրականության, լիարժեք ներառում և մեկտեղում են անհրաժեշտ մասնագիտական նյութը՝ միասնական մեթոդաբանության և պահանջների շրջանակում: Այս փուլում աամփոփվել են ուսանողների, օրդինատորների, ասպիրանտների և մասնագետների համար ուսումնամեթոդական ծրագրերով պիլոտային ծրագրերի իրականացման աշխատանքները:
Կ. Ենկոյանի խոսքով, ԵՊԲՀ դրամաշնորհային ծրագրի հիմնական խնդիրն է ուղեղի հետազոտությունների խթանման միջոցով զարգացնել համալսարանի հետազոտական և նորարարական կարողությունները՝ ‹‹ Կենտրոնի նյութատեխնիկական բազան կարող է հարթակ ծառայել այլ բուհերի և գիտահետազոտական կենտրոնների ուսանողների և գիտնականների աշխատանքների իրականացման համար, ինչը կնպաստի ոչ միայն ԵՊԲՀ, այլ նաև Հայաստանի Հանրապետության գիտության որակի բարձրացմանը: Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի ստեղծումը թույլ կտա ամրապնդել համագործակցությունը միջազգային առաջատար գիտական կենտրոնների հետ, ձեռք բերել նոր գործընկերներ՝ դրանով բարձրացնելով գիտության որակը և արդյունավետությունը ՀՀ-ում››,- հավելեց պրոռեկտորը:
Հավելենք, որ վերոնշյալ քայլերը կարող են նպաստել ծրագրի շարունակականությանը, որը ստեղծված ենթակառուցվածքի առկայությամբ դառնում է ծրագրի հետագա արդյունավետության կարևոր պայման:


 

Նորություններ

22.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ Հայաստան այցի շրջանակներում Ապրիլի 20-22-ը Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի և ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ... 21.04.2026 ՀԲ պատվիրակության այցերը բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների լաբորատորիաներ Ապրիլի 21-22-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի և ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի, Օհանավանի միջնակարգ դպրոցներ, եղել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ և Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցներում : Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել... 25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության...