Նորություններ
ՀՌՀ-ում բացվել է Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կրթական և գիտական գերազանցության կենտրոնը
23.09.2021
Հայ-Ռուսական համալսարանում տեղի է ունեցել Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակում հիմնադրված «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կրթական և գիտական գերազանցության կենտրոնի» բացման հանդիսավոր արարողությունը , որին ներկա են գտնվել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և ՀՀ ԿԳՄՍ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը, Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի և ՀՌՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ: Կենտրոնի հանդիսավոր բացումից հետո ներկաները բուհի ղեկավարության ուղեկցությամբ շրջել են կենտրոնի լաբորատորիաներում, ծանոթացել սարքավորումների հագեցվածությանը, լսարանային և սեմինարային դասասենյակների կահավորմանը: Նշենք, որ Հայ-Ռուսական համալսարանում Կենսաբժշկության և ֆարմացիայի ինստիտուտի հենքի վրա դրամաշնորհային ծրագրի իրականացման արդյունքում ստեղծվել է «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման» կրթական և գիտական գերազանցության կենտրոն, մշակվել է «Գենային ճարտարագիտություն» մագիստրոսական հետազոտական կրթական ծրագիր: Շնորհավորելով ներկաներին կենտրոնի բացման կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծեց «Չկա որակյալ բարձրագույն կրթություն առանց գիտության, և չի կարող լինել շարունակական գիտություն առանց որակյալ բարձրագույն կրթության. դրանք գոյատևում և զարգանում են համատեղ: Նման լաբորատորիան, միանշանակ, ողջունելի է, այն նվաճում է և խիստ անհրաժեշտ կրթական գործընթացներում»:
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը խոսեց կատարված հսկայածավալ աշխատանքի մասին, ներդրումների, ինչպես նաև ծրագրից ակնկալվող արդյունքների և նպատակների մասին:
Ռեկտորը փաստեց՝ դրամաշնորհային ծրագիրն իրականացավ գործընկերների շնորհիվ. Բեղմնավոր և արդյունավետ աշխատանք մաղթելով նորաստեղծ կենտրոնին, ռեկտորը շնորհակալություն հայտնեց Համաշխարահային բանկին, Կրթական ծրագրերի կենտրոնին կատարված համատեղ հսկայածավալ աշխատանքի համար:
Խոսելով դրամաշնորհային ծրագրերի արդյունավետության մասին ԿԾԿ ԾԻԳ տնօրեն Գ. Հովհաննիսյանը շեշտեց. «Կրթական ծրագրերի կենտրոնի» աջակցությամբ իրականացված դրամաշնորհային ծրագրերում շեշտադրվում է երկու կարևոր բաղադրիչ՝ ծրագրի շարունակականությունը և նորարարությունը, ինչը նպաստում է բուհերում գիտական ու նորարարական աշխատանքների ծավալմանն ու գիտական գործունեության արդյունքների առևտրայնացմանը: Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ ստեղծված նմանատիպ կենտրոնները հնարավորություն են ընձեռում մեր կրթությունը ապակենտրոնացնել` ուսանողին լսարանից տեղափոխելով պրակտիկ դաշտ»:
Ծրագրի արդյունքում ձեռք են բերվել գենոմի սեքվենավորման և խմբագրման նորագույն սարքավորումներ, որոնք առաջին իսկ օրվանից կիրառվել են գիտահետազոտական և կրթական ծրագրերում։
Դրամաշնորհի շրջանակներում ձեռքբերված նանոպորային սեքվենավորման սարքի միջոցով իրականացվել է նոր կորոնավիրուսի տարբերակների մոլեկուլագենետիկական բնութագրում։ Մշակվել է նոր մագիստրոսական ծրագիր և լրամշակվել են առկա կրթական ծրագրերը։ Կենտրոնի հենքի վրա իրականացվել են սեմինարներ, վերապատրաստումներ և գիտաուսումնական միջոցոռումներ։
«Ծրագրի արդյունքում ձեռք են բերվել ժամանակակից սարքավորումներ և ստեղծվել է գիտատեխնիկական բազա, որը մեր ուսանողներին հնարավորություն է ընձեռել հենց համալսարանում իրականացնել գիտահետազոտական և լաբորատոր աշխատանքներ: Բացի այդ`մենք ձեռք ենք բերել երրորդ սերնդի սեքվենավորման սարքը, որի շնորհիվ հետազոտություններ ենք կատարել կորոնավիրուսի շտամի առանձնահատկությունների, լրացուցիչ տարբերակների հայտնաբերման ուղղությամբ»,- նշեց Հայ-Ռուսական համալսարանի Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեկվենավորման կենտրոնի ղեկավար Ռոքսանա Զախարյանը:
Կարևորելով բուհ-մասնավոր հատված գործնական կապը՝ ՀՌՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Արսեն Առաքելյանը հավաստիացրեց, որ առաջիկայում Կենտրոնը կարող է լուծել կարևոր խնդիրներ՝ առողջապահության մի շարք ոլորտներում՝
իրականացնելով հետազոտություններ փորձարկումներ:
«Կենսաինֆորմատիկան և գենոմիկան այն բեկումնային ոլորտներն են, որոնք հիմք են հանդիսանում անձնավորված բժշկության, նորարարական ախտորոշիչ մոտեցումների և դեղամիջոցների մշակման համար: Այս ոլորտները Հայաստանում հիմնարար և կիրառական կենսաբժշկության հետազոտությունների զարգացման հենասյուներից են: Այսօր, արդեն իսկ ծրագրի շրջանակներում ձեռք բերված լաբորատոր սարքավորումներով, առաջին անգամ Հայաստանում իրականացվել է նոր կորոնավիրուսի 12 ամբողջական գենոմի վերծանում՝ 3-րդ սերնդի սեքվենավորման կիրառմամբ»,-փաստեց դրամաշնորհային ծրագրի ղեկավարը:
Այսպիսով՝ կենտրոնի առկայությունը ՀՌՀ-ին թույլ է տալիս ընդլայնել առողջապահության գերակա ոլորտներում գենոմիկայի և գենոմի խմբագրման հետազոտությունները: