Նորություններ
Ամփոփվել են ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարանի հիմնանորոգման աշխատանքները
01.09.2021

Նոր ուսումնական տարվան ընդառաջ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները ամփոփիչ այց են իրականացրել ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարանում: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ներկայացուցիչները եղել են հիմնանորոգվող տեղամասում, ծանոթացել իրականացված աշխատանքներին: Նշենք, որ հիմնանորոգման աշխատանքները իրականացվում են համաձայն սեյսմիկ անվտանգության չափանիշների: Վարժարանի հիմնանորոգումն իրականացվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Դպրոցի տնօրենի խոսքով այս հիմնանորոգված վարժարանի առկայությունը նոր լիցք կհաղորդի Գյումրի քաղաքին:
Նշենք, որ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել են դպրոցի մասնաշենքերը, իրականացվել են սեյսմակայունությանն ուղղված ամրացման, ինչպես նաև տանիքի կառուցման, պատուհանների տեղադրման, շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման աշխատանքներ: Իրականացվել են նաև ջեռուցման համակարգի մոնտաժման և տեղակայման աշխատանքներ: Բարեկարգվել են դպրոցի հարակից տարածքները: Կառուցվել են խաղահրապարակներ, ֆուտբոլի և թենիսի մարզահրապարակներ, մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ, արտաքին և ներքին աստիճաններ ու թեքահարթակներ: Իրականացվել են անհրաժեշտ կոմունիկացիաների անցկացման աշխատանքներ, մասնավորապես՝ դպրոցի համար անցկացվել է ջրագիծ, որի արդյունքում դպրոցը ապահովել է խմելու և ոռոգման ջրով:
Հիմնանորոգման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` վերակառուցված դպրոցի շենքն ունի հարմարեցված միջավայր: