Նորություններ
Ամփոփիչ մշտադիտարկում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում
21.07.2021

Հուլիսի 20-ին, Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) աշխատանքների համատեքստում, տեղի ունեցավ հանդիպում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ): Հանդիպման նպատակը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աջակցությամբ, Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ մշտադիտարկումն էր: Համալսարանում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին ողջունեց ՃՇՀԱՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը: Նշենք, որ 2019 թվականի հուլիսից բուհում մեկնարկել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ ‹‹Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում կրթական ծրագրի արդիականացումը՝ նորագույն փորձասարքերով հագեցած լաբորատորիայի ներդրմամբ›› դրամաշնորհային ծրագիրը, որի համատեքստում համալսարանը ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աջակցությամբ ձեռնամուխ է եղել նոր լաբորատորիաների ստեղծմանը և կրթական բովանդակության արդիականացմանը: Նշենք, որ ՃՇՀԱՀ-ի դրամաշնորհային ծրագրով նախատեսվում է «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» կրթական ծրագրի արդիականացում և ներդնում, որի շրջանակներում կրթամասերի տեսքով երկու ուղղությունների՝ «Ավտոճանապարհների շինարարություն» ու «Կամուրջներ և տրանսպորտային թունելներ» առանձնացում, բուհի կարողությունների հզորացմանը միտված արդիական ուսումնագիտափորձարարական լաբորատոր բազայի ստեղծում, ինչպես նաև «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» մագիստրոսական կրթական ծրագրի մասնագիտական դասընթացների թվայնացում՝ Moodle էլեկտրոնային հարթակի կիրառմամբ: Բուհի հետևողական աշխատանքի շնորհիվ, հնարավոր է եղել դրամաշնորհային ծրագրով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ ավարտել սահմանված ժամկետներում: Հանդիպման շրջանակներում Շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի վարիչ Տ. Դադայանը ներկայացրեց դրամաշնորհային ծրագրի արդյունքում ձեռք բերված ժամանակակից սարքավորումների միջոցով արդեն իսկ իրականացվող գիտահետազոտական աշխատանքների մանրամասները: ‹‹Տրանսպորտային ուղիների շինարարությանն առնչվող բազում խնդիրներ փորձարարական լուծում են պահանջում: Սա գիտություն է, որը չի կարող բավարարվել միայն լսարաններում` տեսական հիմնավորումներ կատարելով: Այսօր ժամանակակից նյութերի կիրառումը պահանջում է ուսումնասիրել դրանց ազդեցությունը կառույցի կոնստրուկցիայի հետագա ընթացքի վրա››,-նշում է ամբիոնի վարիչը և հավելում. ‹‹Այս առումով շինարարական գիտության ոլորտում ուսանողների, ինչպես նաև արդեն կայացած մասնագետների համար անգնահատելի նվեր է Հայաստանում նման լաբորատորիա ունենալը››: Լաբորատորիայում ակտիվորեն իրականացվում են նաև աշխատանքներ, որոնց արդյունքում ակնկալվում է ստանալ հետագա առևտրայնացման ներուժ ունեցող կարևոր գիտական նորույթներ: Այս լաբորատորիան ծրագրի միակ ձեռքբերումը չէ. ՃՇՀԱՀ-ն արդեն ժամանակակից սարքավորումներով հագեցած ուսումնափորձարարական լաբորատոր բազա ունի, որտեղ ուսանողների համար կամուրջների շինարարության և շահագործման ոլորտի ուսումնասիրություններին ծանոթացնելու համար լավագույն հնարավորություններ են ստեղծված: Հիմնվելով ստեղծված լաբորատոր բազայի վրա՝ բուհն արդեն իսկ համագործակցություն է նախաձեռնել գործող շինարդյունաբերության, շինա¬րարական և շինարարությունները վերահսկող կազմակերպությունների հետ՝ ինչպես նրանց անհրաժեշտ նոր մշակումների կատարման, այնպես էլ` համատեղ գիտական հետազոտություններ իրականացնելու նպատակով: Նորաստեղծ լաբորատորիայում, որտեղ տեղակայված էին ծրագրի շրջանակներում ձեռք բերված լաբորատոր սարքավորումներն ու հարմարանքները, ներկաները քննարկեցին կրթության բովանդակությանն առնչվող որոշ հարցեր: Ծրագրի ղեկավարը նշեց նաև, որ ավարտվել է «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» կրթական ծրագրում ներառված դասընթացների ծրագրերի մշակումը, ուսումնամեթոդական ձեռնարկների և ուղեցույցների մշակման գործընթացը, ընթացքում է ուսումնական ձեռնարկների և ուղեցույցների տպագրությունը: Հավելենք, որ կարևորելով նոր տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում, ծրագրի շրջանակներում համալսարանն իրականացրել է «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» մագիստրոսական կրթական ծրագրի մասնագիտական դասընթացների թվայնացում՝ Moodle էլեկտրոնային հարթակի կիրառմամբ:
ՃՇՀԱՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում կմեկնարկի նաև լաբորատորիաների արտոնագրման գործընթացը, որը ժամանակատար է, սակայն դրա արդյունքում բուհը կունենա փորձաքննություններ անցկացնելու արտոնագիր` նորաստեղծ լաբորատորիաների համար:
Հավելենք, որ ժամանակակից սարքավորումներով զինված այս ուսումնագիտափորձարարական լաբորատոր բազան որակի նոր չափանիշ է ոչ միայն ՃՇՀԱՀ-ի, այլև տվյալ բնագավառի համար ընդհանրապես: