Նորություններ
Մեկնարկել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը
20.07.2021

Հուլիսի 19-ից մեկնարկել է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) երկրորդ հիմնական շրջափուլի դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը:
Մոնիտորինգային այցերի շրջանակներում հուլիսի 19-ին առաջին աշխատանքային այցը «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչներն իրականացրեցին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում (ԲՊՀ):
Աշխատանքային խումբը ԲՊՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Քրիստինա Ծատուրյանի ուղեկցությամբ շրջեց դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Լեզվական տեխնոլոգիաների և ռեսուրսների հետազոտական լաբորատորիայի, Գիտակրթական միջոցառումների սրահի և Ուսանողների տեխնոլսարանի համար հատկացված և բուհի կողմից վերանորոգված տարածքներում: Վերոնշալ սրահների՝ կահույքով և համակարգչային սարքավորումներով համալրված լինելը, արդեն իսկ դիտարկվել էր նախորդ մշտադիտարկումների ընթացքում:
Հիշեցնենք, որ ծրագրի իրականացումը մեկնարկել է 2019 թվականի հուլիսին: ԲՊՀ-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնել Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոն՝ համալրված անհրաժեշտ սարքավորումներով, գույքով և ծրագրային փաթեթներով, մշակել և ներդնել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական և «Համընթաց թարգմանություն» մագիստորսական մասնագիտական կրթական ծրագրերը, ինչպես նաև հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակների առցանց գնահատման գործիքակազմը:
Հանդիպման ընթացքում աշխատանքային խմբի անդամները դրամաշնորհային ծրագրի կառավարման անձնակազմի հետ քննարկեցին ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը խոսեց կատարված աշխատանքի մասին, ինչպես նաև մանրամասնեց ծրագրից ակնկալվող արդյունքներն ու հետագա նպատակները: Ք. Ծատուրյանի հավաստմամբ, անհատ խորհրդատուներից կազմված համապատասխան աշխատանքային խմբերն ավարտել են «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական և «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական մասնագիտական կրթական ծրագրերի մշակման աշխատանքները և բուհը, համաձայն դրամաշնորհային պայմանագրի, մշակում է վերոնշյալ ՄԿԾ-ների լիցենզավորման փաթեթը` ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացնելու համար: Նա նաև հավելեց, որ ընտրված անհատ խորհրդատուների կողմից ընթացքում են հայերենի իմացության մակարդակների մշակման աշխատանքները: Ք. Ծատուրյանը նշեց, որ դրամաշնորհային ծրագրի ընթացքի մշտադիտարկման և արդյունքների գնահատման նպատակով բուհի վարչակազմից ստեղծված հանձնաժողովը, պարբերաբար իրականացնում է ծրագրի ընթացքի մոնիտորինգ:
Նշենք, որ բուհի ռեսուրսների հաշվին արդեն իսկ մշակվել է «ՀայԼինգվոՏեք» կենտրոնի կանոնադրությունը և զարգացման հայեցակարգը: Դրամաշնորհային ծրագրի գնումների մասնագետ Հ. Ղազարյանը նշեց, որ Համընթաց թարգմանության և թեստավորման լինգաֆոնային կաբինետի վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են, իսկ դրամաշնորհային ծրագրի ղեկավարը հավելեց, որ ծրագրի վերաբերյալ տեղեկատվության տարածման ուղղությամբ այս փուլում ևս քայլեր են իրականացվել, մասնավորապես բուհի պաշտոնական կայքէջում պարբերաբար իրականացվել է լուսաբանում, կազմակերպվել են այցեր ՀՀ մարզերի դպրոցներ, ինչպես նաև «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հետ այժմ քննարկվում են կրթական համատեղ ծրագրերի անցկացման հնարավորությունները:
Հավելենք, որ Բրյուսովի անվան պետական համալսարանում ժամանակակից կենտրոն է ստեղծվում, որը կարող է դառնալ լեզվաբանության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացման գերազանցության հարթակ, տեխնոլոգիահենք կրթության օրինակելի ձև` ուղղված բուհական կրթության նոր մշակույթի ձևավորմանը: