Նորություններ
Մեկնարկել են տեղեկատվական սեմինարներ հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար
16.07.2021

Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում հուլիսից մեկնարկել են տեղեկատվական սեմինարներ հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար։ Տեղեկատվական սեմինարների նպատակն է իրազեկել ուսուցիչներին այն նոր փոփոխությունների մասին, որոնք տեղ են գտել վերանայված հանրակրթության պետական չափորոշչում և առարկայական չափորոշիչներում և ծրագրերում` վեց ուսումնական ոլորտների մասով. «Հայոց լեզու, գրականություն», «Օտար լեզուներ», «Հասարակություն, հասարակական գիտություններ», «Արվեստ», «Տեխնոլոգիա» և «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն»: Սեմինարներն իրականացվում են ՀՀ դպրոցների մոտ 7500 ուսուցիչների համար` ներառյալ Տավուշի մարզի դպրոցները:
Սեմինարներն իրականացվում են առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը վերանայած աշխատանքային խմբերի 32 փորձագետների և փորձարկող դպրոցներից ընտրված և վերապատրաստում անցած 23 ուսուցիչների կողմից: Սեմինարները իրականացվում են առցանց` եռօրյա տևողությամբ:
Սեմինարների առանցքում փորձագետների կողմից մշակված վերապատրաստման մոդուլներն են որոնք ներառում են հետևյալ թեմաները. Հանրակրթության պետական չափորոշիչ, փոփոխություններ առարկայական չափորոշիչներում և ծրագրերում, սովորողների ուսումնառության վերջնարդյունքները և կարողունակությունները , դասավանդման մեթոդաբանություն. բովանդակությունը մատուցելու լավագույն եղանակները, ներառյալ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառական ծրագրերը,նախագծային ուսուցում,միջառարկայական կապեր՝ այլ առարկաների հետ հարաբերվող միասնական դասավանդում,գնահատում, սովորողների կարողունակությունների զարգացում, գնահատումների հիման վրա ուսումնական ծրագրի կատարելագործում և այլն :