Նորություններ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է մարզեր՝ ծանոթանալու դպրոցաշինության ծրագրերին

05.07.2020

 ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով հուլիսի 4-6-ը եղել է Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։ 

Նախարարն այցելել է պետական բյուջեի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ վերակառուցվող և նորոգվող կրթական հաստատություններ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:

Նախարար Ա. Հարությունյանը այցելել է Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոց, որտեղ ընթանում են կապիտալ շինարարության մեծածավալ աշխատանքներ։ Այս դպրոցը Համաշխարհային բանկի վարկային ծրագրով վերակառուցվող 8 դպրոցներից մեկն է։ Հիմնանորոգման ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատություններում կապահովվեն ժամանակակից կրթությանն անհրաժեշտ բոլոր պայմանները։ Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցը շահագործման կհանձնվի հաջորդ տարի:

Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում այս տարի հանրապետությունում կհիմնվի 21 նոր նախակրթարան, այդ թվում՝ 3-ը՝ Սյունիքի, 5-ը՝ Արարատի մարզերում։ Բոլոր համայնքներում նախակրթարանները հիմնվում են դպրոցների հենքի վրա։ Նախապես կատարվել է կարիքի գնահատում և ընտրվել են այն համայնքները, որոնք մանկապարտեզ չեն ունեցել։

ԿԳՄՍ նախարարի հերթական կանգառը Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղում էր, որը սեպտեմբերին կունենա նոր նախակրթարան: Այժմ ընթանում են շինարարական աշխատանքները: Սյունիքի մարզի Քարաշենի և Վաղատուրի միջնակարգ դպրոցներին կից ևս նոր ուսումնական տարում դռները կբացեն նոր նախակրթարանները։

Նախարարն այցելել է նաև Արարատի մարզի Գետազատ, Նոր Կյանք և Դվին համայնքներ, ուր այս տարվա սեպտեմբերի 1-ին նոր նախակրթարաններն արդեն շահագործման կհանձնվեն։ Արարատի մարզում սեպտեմբերին նոր նախակրթարաններ կբացվեն նաև Արարատ և Նարեկ համայնքներում։ Աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով և ամբողջ ծավալով:

Նախարարի մարզային այցը շարունակվում է։

Նորություններ

23.11.2022 Աշխատանքային այցեր ՀՀ մարզերի ուսումնական հաստատություններում «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատակիցները նոյեմբեր ամսվա ընթացքում  այցեր են իրականացրել ՀՀ Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի և  Կոտայքի մարզերում: Աշխատանքային այցերի նպատակն էր միկրոծրագրերի իրականացման հայտ ներկայացրած ուսումնական հաստատությունների կողմից... 22.11.2022 Ամփոփվել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման գործընթացը Նոյեմբերի 22-ին ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ‹‹Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը›› բաղադրիչի աշխատակիցներն ամփոփեցին Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման գործընթացը: Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 19-ից Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում մեկնարկել էր դրամաշնորհային մրցույթի հայտերի ներկայացման գործընթացը, որի վերջնաժամկետը... 16.11.2022 Կրթությունն ունի բավարար ներուժ՝ դառնալու Հայաստանի մրցակցային առավելություններից մեկը. Ազգային ժողովն ընդունեց կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի ծրագիրը Ազգային ժողովի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը, որից հետո նախարարությունը սերտորեն համագործակցել է ԱԺ...