Նորություններ
Առարկայական չափորոշիչները՝ միջազգային փորձագետների ուշադրության կենտրոնում
02.07.2020

Հանրակրթութան իրականացումը հարափոփոխ գործընթաց է, այն պահանջում է ապահովել կյանքի հետ սերտ կապը` արագ արձագանքելով ժամանակի մարտահրավերներին, գիտատեխնիկական առաջընթացին և օրենսդրական փոփոխություններին:Այդ գործընթացի հաջողությունը մեծապես կախված է կրթության բովանդակությունից, որի վերանայումը և համապատասխանեցումը արդի զարգացումներին դարձել է առաջնահերթ խնդիր: Կրթության բովանդակության համապատասխանեցմանն ու վերանայմանն էր ուղղված «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպումների շարքը , միջազգային փորձագետի մասնակցությամբ առցանց ձևաչափով: Հանդիպումների առանցքում առարկայական չափորոշիչների և ծրագրերի կարիքների գնահատման հետազոտության քննարկումն էր:Հունիս ամսվա ընթացքում Կրթական ծրագրերի կենտրոնը կազմակերպել է թվով 5 առցանց հանդիպումներ Zoom հարթակում , որի ընթացքում կրթության ոլորտի փորձագետ Նյու Յորքի ռազմավարական պլանավորման և ինստիտուցիոնալ հետազոտությունների Պրատտի անվան ինստիտուտի գործադիր տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր Վլադիմիր Բրիլլերը ներկայացրեց ուսումնական ծրագրերի մշակման ֆիննլանդական փորձը, պատասխանեց մասնակիցների հարցերին, քննարկեց ուսուցման վերջնարդյունքները բոլոր ոլորտների համար, ներառարկայական կապերը, պրոյեկտային ուսուցման մոտեցումները, անդրադարձավ գնահատման սկզբունքներին ։
Նշենք, որ 2020 թվականի հունվարից միջազգային փորձագետը վերանայել է վեց ուսումնական ծրագրերի նյութեր հետևյալ ոլորտներից՝ օտար լեզուներ, հասարակագիտություն, պատմություն, հայոց լեզու և գրականություն, արվեստ և ֆիզիկական կրթություն:
«Ուսուցիչները պետք է կարողանան ռեսուրսը հարմարեցնել իրենց աշակերտների կարիքներին և ժամանակացույցին:Թեևս նոր և կատարելագործված ուսումնական պլանը կարող է հանգեցնել դպրոցներում հետաքրքիր փոփոխությունների: Ստանդարտները զուտ ձևակերպում են աշակերտների գիտելիքներն ու հմտությունները: Կարևոր է հիշել, որ ուսումնական ծրագիրը սցենար չէ: Ուսուցիչները պետք է օգտագործեն իրենց սեփական գիտելիքները, փորձը, ստեղծագործականությունը և հմտությունները դասարանում: Անկախ նրանից, թե ինչ բարեփոխում է իրականացվում ռազմավարության մեջ, դպրոցական համակարգի ընդհանուր որակը հենվում է ուսուցիչների գիտելիքի որակի վրա, հետևաբար, ուսումնական ծրագրի գրագետ իրականացմանը աջակցելու համար, ուսուցիչների վերապատրաստումը պետք է ձևավորվի և առաջարկվի այնպես, որ այն հասանելի լինի բոլոր մանկավարժների համար>>,- փաստեց փորձագետը:
Փորձագետը ներկայացրեց իր դիտարկումները և առաջարկները նախագծի վերաբերյալ: Հանդիպումների ընթացքում մասնագիտական խմբի կողմից նույնպես կատարվեցին փաստաթղթի նախագծի բարելավմանն ուղղված նոր առաջարկներ:Արդյունքում նախագծում կատարվեցին որոշ ճշգրտումներ և բարեփոխումներ: Կարևորելով ուսուցման կազմակերպման ձևերն ու միջազգային չափանիշներով փաստաթուղթ ունենալուն վերաբերող հարցերը, մասնագիտական խումբը քննարկեց ուսումնական առարկաների ծրագրերի բեռնաթափման, գիտելիքների գնահատման համակարգի փոփոխությունների ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Մինչ նախագծի վերջնական տարբերակի հաստատումը, այն կդրվի հանրային քննարկման: