Նորություններ
Ավագ դպրոցների աշակերտներն այսուհետ կարող են գիտափորձեր կատարել բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներում
27.06.2020

Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի ավագ դպրոցները նոր ուսումնական տարվան ընդառաջ կունենան բնագիտական առարկաների գծով ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներ: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվում են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում:Դրանք դպրոցներում ստեղծված արդիական ուսումնական միջավայրեր են, որտեղ աշակերտը կարող է տեսական գիտելիքները ամրապնդել գործնական հմտություններով՝ լաբորատոր, ցուցադրական փորձերի կատարման ժամանակ: Բնագիտական առարկաների ուսուցումը առանց համապատասխան նյութերի և սարքավորումների դժվար է պատկերացնել: Այս նորարարական լաբորատորիաները շատ կարևոր են բնագիտական ոլորտի զարգացման համար: Դրանք աշակերտներին հնարավորություն կտան մասնագիտական կողմնորոշման: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի համակարգող Նունե Ասրյանը փաստեց, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում ձեռք բերված ժամանակակից սարքավորումների միջոցով գիտատեխնիկական բազմաբնույթ փառատոններին ու միջազգային մրցույթներին մեր աշակերտների մասնակցությունն իրատեսական է դառնում: Նորաստեղծ բնագիտական լաբորատորիաները աշակերտներին հնարավորություն կտան որակյալ փորձեր անել և արդյունքներ ստանալ: Այս լաբորատորիաները ավագ դպրոցներում կարող են դառնալ այն օղակը, որը կապում է բիզնեսն ու կրթությունը:
«Նման արդիական սարքավորումների առկայությունը ավագ դպրոցներում կնպաստի երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության զարգացմանը, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների ձևավորմանը: Կարող ենք փաստել, որ այս լաբորատորիանները հնարավորություն կտան մեր աշակերտներին իրենց դրսևորելու բնագիտական ոլորտում», -հավելեց Ն. Ասրյանը:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքում և մարզերում արդեն ամփոփվել են ավագ դպրոցներին բնագիտական առարկաների գծով լաբորատոր սարքավորումների տրամադրման, լաբորատորիաների համար նախատեսված կահույքի ձեռքբերման և տեղադրման գործընթացները: Հավելենք, որ մինչ այս գործընթացների մեկնարկը, նախապես Կրթական ծրագրերի կենտրոնի կողմից ուսումնասիրվել է համապատասխան ոլորտում միջազգային փորձը, մշակվել է բնագիտական առարկաների գծով գնման ենթակա լաբորատոր սարքավորումների համակազմը, լաբորատորիաների կահավորման մոդելները, իրականացվել է կարիքների գնահատում, միաժամանակ հաշվի են առնվել ՀՀ քաղաքաշինության և առողջապահության նախարարությունների կողմից ընդունված չափորոշիչները:
Հիշեցնենք, նաև որ «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում այժմ հիմնանորոգման ընթացքում են թվով 8 ավագ դպրոցներ մայրաքաղաքում և մարզերում, որտեղ բնագիտական առարկաների լաբորատորիաների ստեղծման գործընթացը կմեկնարկի միայն հիմնանորոգման ավարտից հետո: