Նորություններ
Մոնիտորինգային այց ԵՊՀ-ի Ֆարմացիայի ինստիտուտ
03.02.2020

Հունվարի 24-ից Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում մեկնարկեց երկրորդ հիմնական շրջափուլով իրականացվող դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումը դրամաշնորհառու բուհերում: Երրորդ հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի 1-ին՝ Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ): Մշտադիտարկումն իրականացնում էին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Ներկաները ԵՊՀ-ի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի համակարգող Աննա Մկրտչյանի ուղեկցությամբ եղան ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտում և ծանոթացան ՆՄՀ-ի շրջանակներում հիմնվող «Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոն››-ի ստեղծման ընթացիկ աշխատանքներին: Կենտրոնի ստեղծումն իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված փուլերի համաձայն: Ծրագրի մեկնարկից կես տարի անց արդեն ամփոփվում է դրամաշնորհային ծրագրի առաջին փուլը: Նշենք, որ կենտրոնի ստեղծումը կնպաստի ոլորտի հիմնարար և կիրառական հետազոտությունների արդիականացմանը: Հավելենք՝ ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտում ժամանակակից վերլուծական սարքավորումներով համալրված գիտաուսումնական կենտրոնի ստեղծումը և դրա հենքի վրա դեղանյութերի կառուցվածքային հետազոտությունների ու դեղերի որակի հսկման, գնահատման նոր մագիստրոսական ծրագրի ներդնումը կնպաստի միջազգային չափանիշներին համապատասխան դեղագետ-վերլուծաբան (անալիտիկ) մասնագետների պատրաստմանը:
Ներկաներն ամրագրեցին, որ կենտրոնի վերանորոգումն ավարտվել է ու միջնապատերով բաժանված և իրար հետ համակցված երեք լաբորատոր սենյակները համալրվել են անհրաժեշտ լաբորատոր կահույքով: Այցի ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները ծրագրի համակարգող Աննա Մկրտչյանի հետ համատեղ քննարկեցին դրամաշնորհային պայմանագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը: Դրամաշնորհային ծրագրի համակարգողը նաև ծանոթացրեց կոնսորցիումի գործընկերոջ հետ համագործակցության ընթացքին: Նշենք, որ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծված կոնսորցիումի մասնակիցն է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը:
‹‹Այս համագործակցությունը կնպաստի որակյալ մասնագետների ներհոսքին դեպի արտադրություն և կընդլայնի արտադրության մեջ նորարարական մոտեցումների ներդնումը››,- նշեց Աննա Մկրտչյանը՝ կարևորելով համատեղ աշխատանքները:
Հավելենք, որ ԵՊՀ-ում «Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնի›› ստեղծումը թույլ կտա ոչ միայն բարձր մակարդակով իրականացնել մագիստրոսական ու ասպիրանտական գիտահետազոտական աշխատանքներ, այլև կնպաստի ձեռնարկատիրական գործունեության ծավալմանը:
Այսպիսով, ԵՊՀ դրամաշնորհային ծրագրի արդյունավետ իրականացման արդյունքում կստեղծվի ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով համալրված գիտակրթական կենտրոն, որը կարող է տարածաշրջանում իրականացնել կրթական, խորհրդատվական և արտադրական օրինակելի ծառայություններ ֆարմացիայի և դրան հարակից մասնագիտական ոլորտներում: