Նորություններ

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը ամփոփել է 2016 թվականին կատարված աշխատանքները

10.02.2017

«Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակը ամփոփել է 2016 թվականին կատարված աշխատանքները «Կրթության բարելավում» վարկային ծրագիր շրջանակներում: Նախքան ոլորտում կատարված աշխատանքները ներկայացնելը՝ հիշեցնենք, որ «Կրթության բարելավում» ծրագիրն ամբողջությամբ համահունչ է ՀՀ կառավարության 2012-2017 թվականների տնտեսական զարգացման ռազմավարության հետ: Ընդգրկելով կրթության բոլոր մակարդակները` նախադպրոցականից մինչև բարձրագույն, «Կրթության բարելավում» ծրագիրը միտված է միջազգային լավագույն չափորոշիչներին համահունչ ծառայություններ մատուցող կրթական համակարգի ստեղծմանը: «Կրթության բարելավում» ծրագիրը հետապնդում է երկու նպատակ՝ հանրակրթության հետագա բարելավում, ապահովելով տարրական դպրոց մուտք գործող երեխաների պատրաստվածությունը և բարելավելով ավագ դպրոցներում ֆիզիկական պայմաններն ու կրթական ռեսուրսների առկայությունը և աջակցություն բարձրագույն կրթական հաստատություններին` ապահովելով կրթության որակն ու համապատասխանությունը: Անդրադառնալով «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տարեկան գործունեությանը` պետք է ընդգծել , որ կատարված աշխատանքի ամենամեծ ծավալը բաժին է ընկել հանրակրթության ոլորտին: 2016թ.-ի ընթացքում «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում «Հանրակրթության որակի բարելավում» բաղադրիչի «Դպրոցին՝ երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակներում հիմնվել են 24 նոր նախակրթարաններ Տավուշի (6), Լոռու (6) և Արմավիրի (12) մարզերում:Նորաբաց նախակրթարանների գործունեությունները մեկնարկել են 2016թ.-ի հոկտեմբեր նոյեմբեր ամիսներից: Դրանցում ընդգրկված են մոտ 750 երեխա: Կրթության Ազգային Ինստիտուտի կողմից վերապատրաստվել են բոլոր 3 մարզերի 24 նախակրթարաններում ընդգրկված թվով 55 դաստիարակ:Նորաստեղծ նախակրթարաններում հատուկ ուշադրություն է դարձվում նախադպրոցական տարիքի երեխաների արդյունավետ նախապատրաստմանը տարրական կրթությանը, որը ոչ միայն ապահովում է հավասար մեկնարկային պայմաններ նրանց համար շարունակելու ուսումը տարրական դպրոցում, այլև ստեղծում է ամուր հիմքեր նրանց անհատական և սոցիալական հմտությունների ձևավորման ու զարգացման համար:
Ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով նախակրթարանների ստեղծմանը զուգընթաց խորհրդատվական կազմակերպության կողմից իրականացվում է նախադպրոցական հաստատություններում ընդգրկված երեխաների զարգացման դինամիկայի գնահատում ու դրա վրա ազդող գործոնների հետազոտություն: Հետազոտության արդյունքները փաստում են ընդգրկված երեխաների զարգացման, դպրոցին պատրաստվածության դրական դինամիկա, հետևաբար նաև ենթածրագրի արդյունավետություն:Կարևորելով ավագ դպրոցներում ֆիզիկական պայմաններն ու կրթական ռեսուրսների առկայությունը՝ «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի շրջանակներում իրականացվել են 12 ավագ դպրոցների շենքերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները:Բոլոր նախագծանախահաշվային փաստաթղթերն Համաշխարհային Բանկի (այսուհետ` ՀԲ) հետ համաձայնեցման փուլում են: Մեկնարկել են վարկային ծրագրով նախատեսվող հիմնանորոգման ենթակա թվով 17 ավագ դպրոցներից 5 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները, որոնք ընթանում են համաձայն աշխատանքային ժամանակացույցերի:
Ենթաբաղադրիչի շրջանակներում նախատեսվում է նաև բոլոր ավագ դպրոցներում հիմնել բնագիտական առարկաների լաբորատորիաներ:Այդ նպատակով համապատասխան մասնագետների կողմից 2016թ. մշակվել են բնագիտական առարկաների գծով գնման ենթակա լաբորատոր սարքավորումների համակազմը՝ ներառելով տեխնիկական հատկորոշիչները, մեկ լաբորատորիայի համար նախատեսված սարքավորումների քանակը, ինչպես նաև առաջարկվել են լաբորատորիաների կահավորման մոդելներ:Իսկ «Հիմնական կրթական կազմակերպությունների կարողությունների հզորացումը` ապահովելով սովորողների ուսման և կրթական վերջնարդյունքի մշտադիտարկումը» ենթաբաղադրիչի շրջանակներում մեկնարկել են ՏՀՏ վերապատրաստումների կարիքների գնահատման, ՏՀՏ կիրառմամբ առարկաների դասավանդման համար վերապատրաստման մոդուլների մշակման և վերապատրաստողների վերապատրաստման աշխատանքները:Արդյունքում ստեղծված վերապատրաստման մոդուլների հիման վրա կիրականացվեն բուհերի և դպրոցների ներկայացուցիչների վերապատրաստումներ:
2016թ. օգոստոսի 1-ին մեկնարկել են մասնագիտական և հանրակրթական կառավարման տեղեկատվական համակարգերը մեկ միասնական համակարգի մեջ ինտեգրման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսված է 2017թ. փետրվարին: Արդյունքում կգործի կրթության կառավարման միասնական տեղեկատվական համակարգ: Անդրադառնալով կրթության բովանդակությանը, «Աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթաբաղադրիչի շրջանակներում, իրականացվել է հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքների գնահատման հետազոտությունը, որը հիմք է հանդիսացել հանրակրթության պետական կրթակարգի, պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների ու ծրագրերի վերանայման հայեցակարգի, այնուհետ` «Ազգային կրթակարգի» նախագծի մշակման համար:Նշված նախագծերը հանրային քննարկումների արդյունքում ստացված դիտողությունների հիման վրա լրամշակվել են և ԿԳՆ համակարգող հանձնաժողովի որոշմամբ հիմք են ընդունվել ՀՀ կառավարության ծրագրին համապատասխան` 2017թ. Արարատյան բակալավրիատի և գերազանցության ծրագրի համադրմամբ Ազգային կրթակարգի վերջնական ձևավորման համար:
Բարձրագույն կրթության ոլորտում «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացմանը» բաղադրիչի շրջանակներում 2016թ. ընթացքում շարունակվել է 2015 թ. դեկտեմբերի 24-ին կնքված պայմանագրերով ՆՄՀ առաջին շրջափուլի վեց դրամաշնորհային ծրագրերի իրականացումը հետևյալ բուհերի կողմից՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Երևանի պետական բժշկական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, ՀՀ պետական կառավարման ակադեմիա: Ծրագրերի ավարտը նախատեսված է 2017 թ. դեկտեմբերին: Դրամաշնորհային ծրագրերի բուհական աշխատակիցների համար ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից 2016 թ. փետրվարի 2-3-ը կազմակերպվել և իրականացվել է աշխատաժողով` ծրագրերի գնումների, ֆինանսական և իրականացման այլ ընթացակարգերի պարզաբանման նպատակով: Իրականացվել են նախատեսված գնումների գործընթացները, որոնք դիտարկվել և հաստատվել են ԿԾԿ ԾԻԳ-ի և ՀԲ-ի կողմից: Բուհերն ավարտել են փուլային աշխատանքները, ներկայացրել փուլային ֆինանսական և ծրագրային հաշվետվությունները, որոնք դիտարկվել են ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից: Ծրագրերի իրականացման ընթացքում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով 2016 թ. փետրվարին ընտրվել են ոլորտային փորձագետներ, որոնք տարվա ընթացքում տրամադրել են անհրաժեշտ խորհրդատվությունը: Ստեղծվել է դրամաշնորհային ծրագրերի մոնիտորինգի խումբ, որը տարվա ընթացքում երկու անգամ` հուլիսին և դեկտեմբերին, այցելել է բուհեր: Մոնիտորինգի ընթացքը լուսաբանվել է ԿԾԿ ԾԻԳ-ի կայքում համապատասխան հոդվածների հրապարակման միջոցով: 2016թ. ընթացքում կազմակերպվել և իրականացվել է ՆՄՀ շրջանակներում դրամաշնորհների տրամադրման հավելյալ շրջափուլը, որին մասնակցության հնարավորություն են ստացել իրավասության պայմաններին բավարարող և մինչ այդ ՆՄՀ դրամաշնորհառու չհանդիսացած բուհերը: Գնահատման արդյունքներով և ՆՄՀ համակարգող խորհրդի որոշմամբ 2016 թ. դեկտեմբերի 23-ին պայմանագրեր են կնքվել վեց բուհերի հետ, որոնք են՝ Երևանի պետական կոնսերվատորիա, Շիրակի պետական համալսարան, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի Հայկական պետական ինստիտուտ, Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան, Հյուսիսային համալսարան, Գլաձոր համալսարան:
Արդյունքում, <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրով 2016թվականի բյուջեով նախատեսված ընդամենը 2,793,954.8 հազար ՀՀ դրամ գումարից փաստացի ծախսվել է 2,243,553.2 հազար ՀՀ դրամ, որը կազմում է նախատեսվածի 80%-ը:
 

 

Նորություններ

28.04.2024 ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնը ստացել է պետական հավատարմագիր ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնը ստացել է պետական հավատարմագիր: Մասնագիտական թիմն իրականացնելու է դեղերի և հանքանյութերի փորձաքննություն: Հիշեցնենք, որ նորարարական կենտրոնը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակում 2021թվականին : Ժամանակակից վերլուծական սարքավորումներով համալրված գիտաուսումնական կենտրոնի գործունեությունը և դրա հենքի վրա... 23.04.2024 ԵՊՀ-ն՝ «Գիտություն» ցուցահանդեսին ներկայացրեց ՆՄՀ դրամաշնորհով ստեղծված ենթակառուցվածքները ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի շրջանակում անցկացվեց «Գիտություն» ցուցահանդեսը՝ մեկ հարթակում համախմբելով գիտական կազմակերպությունների, ՀՀ պետական բուհերի ներկայացուցիչներին, կրթության և գիտության ոլորտում ՀՀ ԿԳՄՍՆ և ԳԱԱ գործընկերներին: ԵՊՀ-ն նույնպես մասնակցեց ցուցահանդեսին՝ առանձին տաղավարով ներկայացնելով բուհի գիտական գործունեությունը, կրթական ծրագրերը: Ցուցահանդեսին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ Նա... 19.04.2024 Աշխատանքային այց Վանաձորի Ս. Նալղռյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում Ապրիլի 19-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղել են ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ս. Նալղռյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում : Այցի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների մշտադիտարկումն էր : Վերոնշյալ ավագ դպրոցը ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում իրականացվող վերանորոգման ծրագրում...