Նորություններ
Հինգ նոր նախակրթարան Գեղարքունիքի մարզում
19.09.2020
Սեպտեմբերի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի 5 համայնքներում բացվել են նոր նախակրթարաններ:Վերին գետաշենցիների համար այս ուսումնական տարին կրկնակի տոնական էր: Առաջին անգամ Վերին Գետաշենի միջնակարգ դպրոցի նախակրթարանը իր դռներ է բացել 25 սիրելի սաների առաջ: Նախակրթարանը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Վերոնշյալ դպրոցը 21 կրթօջախներից մեկն է որտեղ այս տարի իրականացվում են նախադպրոցական միկրոծրագրեր:
Հաջորդը Գավառի հիմնական դպրոցն է, որտեղ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված
նախակրթարանը իր դռները բացեց 25 սաների առաջ: Գեղեցիկ ու գունագեղ սենյակներ, հարմարավետ պահարաններ, խաղալիքներով լի անկյուններ՝ այս պայմաններում են անցկացնելու իրենց առօրյան նորաստեղծ նախակրթարանների սաները: Դաստիարակները և համայնքների բնակիչները կարևորում են նախակրթարանների ստեղծումը, ընդգծում, որ մեծ ուրախություն է այն, որ իրենց երեխաներն այսուհետ հնարավորություն կունենան կրթություն ստանալու հարմարավետ ու գեղեցիկ պայմաններում: Հիշեցնենք, որ նախակրթարանների հիմնման նպատակով իրականացվել են կարիքների գնահատում, վերանորոգման աշխատանքներ. կատարվել են էլեկտրամոնտաժային և սանհանգույցների խողովակների մոնտաժման աշխատանքներ, դռների ու պատուհանների տեղադրում, իրականացվել է սալիկապատում, պատերի հարդարման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ: Ապա, ծրագրի իրականացման արդյունքում, նախակրթարանները կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով: Իրականացվել է նաև դաստիարակների վերապատրաստում: Հավելենք, որ նախակրթարանների ստեղծման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` նորաստեղծ նախակրթարաններն ունեն հարմարեցված միջավայր: Նոր ուսումնական տարին սկսում են նորաբաց նախակրթարանով նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Երանոսի, Վարդենիսի և Լուսակունքի համայնքները : Նշենք, որ Երանոս, Լուսակունք համայնքներում այս տարի նախակրթարան են հաճախելու յուրաքանչյուրում 25 սան, իսկ Վարդենիսում ՝ 30 սան:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված նախնական աշխատանքները սկսվել են դեռևս 2019 թվականի նոյեմբերից և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում արդեն իսկ հիմնվել է 136 նախակրթարան։