Ընթացիկ ծրագրեր

" Կրթության բարելավում " ծրագիր

Ենթաբաղադրիչ 1.1 Դպրոցի երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում

1. Ներածություն

Նախադպրոցական ոլորտի հիմնախնդիրների լուծմանն է ուղղված 2008 թվականին ՀՀ կառավարության ընդունած <<Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թավականների ռազմավարական ծրագիրը>>: Ռազմավարական ծրագրի շրջանակներում առանձնակի կարևորվում է նախադպրոցական ավագ տարիքային խմբի երեխաներին տարրական կրթությանն արդյունավետ նախապատրաստելու հիմնախնդիրը, ինչը կապահովի երեխաների համար հավասար մեկնարկային պայմաններ ուսումը շարունակելու համար, կնպաստի երեխայի արագ հարմարվելուն, ինչպես նաև կայուն հիմքեր կստեղծի նրանց անձնային ու սոցիալական հմտությունների ձևավորման և զարգացման համար: Ռազմավարական ծրագրով նախատեսված է նախադպրոցական ավագ տարիքի երեխաների համար նախադպրոցական կրթությունը դարձնել համընդհանուր` ապահովելով ընդգրկվածության աստիճանական աճ և մինչև 2016 թվականն այն հասցնել շուրջ 90 տոկոսի:
ՀՀ կրթության և գիտության նախարարության <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ պետական հիմնարկը <<Կրթության որակ և համապատասխանություն>> վարկային ծրագրի շրջանակներում իրականացրել է <<Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում>> ծրագիրը: Հայաստանի Հանրապետության 11 մարզերում մինչ օրս ստեղծվել են 280 նախակրթարան, որից 202-ն իրականացվել են դպրոցներում, 78-ը նախադպրոցական ուսումնական հաստատություններում, որոնցում ընդգրկված են 19000-ից ավելի երեխաներ:
2015թ <<Կրթոության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Ծրագիրը նպատակաուղղված է նախադպրոցական կրթության ոլորտում երեխաների ընդգրկվածության աճի խթանմանը, երեխաներին տարրական դպրոցին նախապատրաստմանը, նախադպրոցական տարիքի երեխաների կարողությունների և հմտությունների զարգացմանը նպաստելուն, որն իրականացվում է այլընտրանքային և քիչ ծախսատար կրթական ծառայությունների ներդրման միջոցով: Նախադպրոցական ծրագրերում հիմնականում ընդգրկվում են 4-ից մինչև 6 տարեկան երեխաները: Դրամաշնորհային միջոցներով հիմնականում իրականացվում են հաստատության ծրագրի ներդրումային ծախսերը, որոնք նախատեսված են հաստատության կարողությունների հզորացման համար և հիմնականում ներառում են տարածքի մասնակի նորոգման, բարեկարգման, կահավորման, ուսուցողական նյութերի, գույքի, սարքավորումների ձեռքբերման և այլ ծախսերը: 2015-2019թթ դրամաշնորհի առավելագույն արժեքը կազմում է 22000 ԱՄՆ դոլար: Ծրագրի ընդհանուր արժեքը ձևավորվում է դրամաշնորհով տրվող գումարից (առավելագույնը՝ 75 տոկոս) և համայնքի և/կամ ծնողական ներդրումներից (նվազագույնը` 25 տոկոս):
Ծրագրի շրջանակներում իրականացվող նախադպրոցական կրթության միկրոծրագրերի արդյունավետությունն ապահովելու նպատակով ՀՀ ԿԳ Նախարարի 10.03.2015 թվականի թիվ 142-Ա/Ք հրամանի համաձայն ստեղծվել է կառավարման մարմին՝ հանձնաժողով, որը հաստատել է նախակրթարանների ստեղծման ժամանակացույց ըստ մարզերի՝ արդյունքում 2015-2016թթ. Ծրագրեր կիրականացվեն Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերում; 2016-2017թթ. Տավուշի, Լոռու և Արմավիրի մարզերում; 2017-2018թթ. Սյունիքի, Արարատի և Արագածոտնի մարզերում, 2018-2019թթ. Երևանում, Վայող Ձորի մարզում և այլ մարզերում ըստ անհրաժեշտության:
Բաղադրիչի նպատակներն են.

• Հանրապետության մարզերում ստեղծել քիչ ծախսատար նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝ նպաստելով երեխաներին տարրական դպրոցին նախապատրաստելուն ` ապահովելով հավասար մեկնարկային հնարավորություններ,
• մեծացնել նախադպրոցական կրթության ծրագրերում երեխաների ընդգրկվածությունը` ներառելով սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:
Բաղադրիչի խնդիրներն են.

• նպաստել և աջակցել երեխաների նախադպրոցական կրթության իրականացման նոր` ցածրարժեք ծառայությունների ներդրմանը, որոնք մատչելի կլինեն բնակչության առավել անապահով խավերին, ինչպես նաև նպաստել գործող հաստատւթյուններում երեխաների ընդգրկման աճին,
• աջակցել դպրոցին նախապատրաստմանն ու երեխաների ընդհանուր զարգացմանն ուղղված նախադպրոցական երեխայակենտրոն կրթական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,
• գործարկել ցածր արժողությամբ նախադպրոցական կրթական ծրագրեր նախադպրոցական հաստատություններ չունեցող համայնքներում` դպրոցների կամ համայնքահեն այլ հաստատությունների հիմքի վրա,
• վերապատրաստել նախադպրոցական կրթության ծարգրեր իրականացնող հաստատությունների մանկավարժներին և դաստիարակներին:

Բաղադրիչի շրջանակներում իրականացվող հիմնական գործողություններն են.

• ԿԳ նախարարության, մարզպետարանների, համայնքների և հաստատությունների համագործակցությամբ ուսումնասիրել և որոշել պոտենցիալ/թիրախային տարածաշրջանները,
• Թիրախային տարածաշրջանների համայնքներում ուսումնական հաստատությունների տնօրենների, համայնքի անդամների, ծնողների, ԿԳ նախարարության, մարզային կրթության վարչությունների և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացնել խթանման աշխատանքներ` ուղղված նախադպրոցական կրթության այլընտրանքային, ցածրարժեք ծառայությունների կազմակերպման նպատակով դրամաշնորհային ծրագրերի իրականացման մրցույթի պայմանների ներկայացմանը և այլնի մասին:
• Վարկային ծրագրի շրջանակներում իրականացնել մրցույթ և հաստատություններին տրամադրել դրամաշնորհներ:
• Մրցույթով ընտրված հաստատությունների հետ կնքել պայմանագրեր և իրականացնել ֆինանսավորում:
• Հաստատություններին տրամադրել տեխնիկական օժանդակություն միկրոծրագրերի իրականացման ընթացքում:
• Իրականացնել նախադպրոցական ծրագրեր իրականացնող հաստատությունների տնօրենների, մանկավարժական կադրերի վերապատրաստում:
• Ծրագրի ամբողջ ընթացքում իրականացնել նախադպրոցական ծրագրերի վերահսկում և գնահատում:
• Միկրոծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու, դրանցում ընդգրկված երեխաների զարգացման դինամիկան բացահայտելու, ուսումնական ծրագրերի, ուսումնառության պայմանների համապատասխանությունը բացահայտելու նպատակով կազմակերպել մշտադիտարկում և իրականացնել հետազոտություն մրցութային կարգով ընտրված կազմակերպության միջոցով /յուրաքանչյուր տարի` ըստ մարզերի և միկրոծրագրերի աշխատանքներին զուգահեռ/:
Բաղադրիչի շրջանակներում իրականացված աշխատանքները

2015 թվականի ընթացքում ստեղծվել են 33 նախակրթարական հաստատություններ ՀՀ Կոտայքի (13), Շիրակի (12) և Գեղարքունիքի (8) մարզերում, որտեղ իրականացվել են համապատասխան տարածքների բարեկարգման, գույքով համալրման աշխատանքներ, ձեռք են բերվել անհրաժեշտ ուսումնամեթոդական նյութեր, խաղալիքներ, պիտույքներ և այլն: Բոլոր հաստատությունները բնականոն գործում են: Նոր նախակրթարաններում ընդգրկված են մոտ 1170 երեխա:
Կրթության Ազգային Ինստիտուտի կողմից վերապատրաստվել են բոլոր 3 մարզերի 33 նախակրթարաններում ընդգրկված թվով 79 դաստիարակ:

Սպասվելիք արդյունքները
Ծրագրի շրջանակներում ակնկալվում է մինչև 2019 թվականը հիմնել մոտ 120 նախակրթական հաստատություններ ՀՀ համայնքներում; նախադպրոցական ծառայություններում ընդգրկել մոտ 2400 5-6 տարեկան երեխաների և 5-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական կրթությունը դարձնել համընդհանուր` ապահովելով ընդգրկվածության աճ այդ տարիքային խմբի երեխաների ընդգրկվածությունը հասցնելով շուրջ 90 տոկոսի:

Ենթաբաղադրիչ 1.2 Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը

Հայաստանում ավագ դպրոցները վերակազմավորվել են 2008–2011 թվականներին: Այդ ժամանակահատվածում իրականացվել են մի շարք կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներ` ուղղված կրթության որակի բարձրացմանը: Ավագ դպրոցներին աջակցություն ցուցաբերելու քայլեր դեռևս կատարվել է առաջին` <<Կրթության որակ և համապատասխանություն>> վարկային ծրագրի շրջանակներում և շարունակվել է երկրորդ վարկային ծրագրի ընթացքում:
2015 թվականից մեկնարկվեց <<Կրթության բարելավում >>վարկային նոր ծրագիրը, որի կարևոր բաղադրիչներից է <<Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը >> ենթաբաղադրիչ-ը:

Հանրակրթության երրորդ աստիճանում որակյալ կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է ժամանակակից ենթակառուցվածքների, համապատասխան նյութատեխնիկական միջոցների, էլեկտրոնային ուսուցողական նյութերի, ինչպես նաև որակյալ ուսուցչական կազմի առկայությունը:

Ենթաբաղադրիչի նպատակներն են.

• Ավագ դպրոցում կրթության որակի և արդիականության ապահովում,
• 17-20 ավագ դպրոցների կարողությունների հզորացում,
• շենքային և ուսումնական պայմանների բարելավում,
• ընտրված ավագ դպրոցների հիմնանորոգում,
• բոլոր ավագ դպրոցների նյութատեխնիկական հնարավորությունների բարելավում,
• անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով համալրում:
Ենթաբաղադրիչի խնդիրներն են.
• ՀՀ-ում ստեղծված ավագ դպրոցների ցանցի հզորացում, աջակցելով դպրոցների հիմնանորոգմանը:
• Ավագ դպրոցներում դասավանդման և ուսուցման պայմանների բարելավում՝ արդիական սարքավորումների մատակարարման և ուսուցման ընթացքում համապատասխան տեղեկատվական նյութերով ապահովման միջոցով:

Ենթաբաղադրիչի շրջանակներում իրականացվող հիմնական գործողություններն են.
• Մոտ 17 ավագ դպրոցների հիմնանորոգում՝ առնվազն մեկական յուրաքանչյուր մարզում,
• Ավագ դպրոցներին ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիական սարքավորումներով ու էլէկտրոնային նյութերով ապահովում ,
• Ուսուցիչների վերապատրաստում ՏՀՏ ռեսուրսների կիրառման ուղղությամբ,
• Ավագ դպրոցների ենթաբաղադրիչի գործողությունների մոնիթորինգ և գնահատում:
Դպրոցներից շատերը կառուցվել են խորհրդային միության տարիներին և ունեն ենթակառուցվածքային թերություններ, ներառելով ոչ լիարժեք ջեռուցման համակարգեր, սեյսմիկ անվտանգության և այլ խնդիրներ: Ենթաբաղադրիչի շրջանակում 17 ավագ դպրոցների հիմնանորոգման նախագծերը մշակելիս հատուկ ուշադրություն է դարձվում ավագ դպրոցների կարիքներին` հոսքային ուսուցման կազմակերպման համար (տեխնիկական, բնագիտական, հումանիտար և այլն), որպեսզի հաշվի առնվի, թե ինչ տիպի դասասենյակներ, սարքավորումներ անհրաժեշտ կլինեն դպրոցին, օր.` ֆիզիկայի, քիմիայի, բնագիտության լաբորատորիաներ, համակարգչային սենյակներ և այլն:
Հիմնանորոգվող դպրոցները ընտրվել են ՀՀ ԿԳ նախարարության կողմից մշակված և Համաշխարհային բանկի կողմից հաստատված չափանիշների հիման վրա, որտեղ բացի շենքային պայմանների գնահատականից, հաշվի է առնվել դպրոցի կառուցման տարեթիվը, սպասարկող ոլորտը և աշակերտների թիվը:
Ենթաբաղադրիչի շրջանակներում ավագ դպրոցներին կտրամադրվեն նաև բնագիտական առարկաների գծով լաբորատոր սարքավորումներ:
Ենթաբաղադրիչի շրջանակներում կֆինանսավորվի նաև ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերումը, ինչպես նաև էլեկտրոնային ուսումնական նյութերի մշակումը, որոնք կկիրառվեն Հայաստանի բոլոր 107 ավագ դպրոցներում: Ուսուցիչներին կտրամադրվեն էլեկտրոնային ուսումնական նյութեր և դասավանդման այլ ժամանակակից նյութեր, զուգահեռ կկազմակերպվի ուսուցիչների վերապատրաստում ՏՀՏ նյութերի կիրառման ուղղությամբ: ՏՀՏ-ների կիրառմանը ուղղված վերապատրաստման արդյունքում ուսուցիչները կկարողանան արդյունավետ օգտագործել նոր տեխնոլոգիաները: Ծրագրի ավարտական փուլում ակնկալվում է, որ զգալիորեն կավելանա ավագ դպրոցներում ժամանակակից ուսուցման մոտեցումներ կիրառող ուսուցիչների տոկոսը: Կիրականացվի նաև ավագ դպրոցների ենթաբաղադրիչի գործողությունների մոնիթորինգ և գնահատում:

Ակնկալվում է մինչև 2018 թվականը ունենալ հիմնանորոգված 17 ավագ դպրոց, նորագույն նյութատեխնիկական բազայով և կրթական ռեսուրսներով համալրված 107 ավագ դպրոցների ցանց և սովորողների ընդգրկվածության աճ:

 

Ենթաբաղադրիչ 1.3 Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում

<<Կրթության որակ և համապատասխանություն>> վարկային ծրագրի փուլերով նշանակալի ներդրում է իրականացվել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները ուսման գործընթացում ներդրման և օգտագործման ուղղությամբ: ՏՀՏ-ների կիրառմամբ ուսուցումը դպրոցներում և բուհերում էապես նպաստում է կրթության որակի ու մատչելիության բարձրացմանը: ՏՀՏ-ի կիրառումը կրթական գործընթացներում շարունակում է զարգանալ, վարկային ծրագրի շրջանակներում ստեղծվել և գործում են հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության կառավարման տեղեկատավական համակարգեր: Անհրաժեշտություն է դարձել ապահովել կրթության համակարգում տվյալների միասնական հավաքագրումը, վերլուծությունը և մշտադիտարկումը, ինչպես նաև կրթության բնագավառում իրականացվող միասնական ՏՀՏ քաղաքականության, ծրագրերի իրականացումը: <<Կրթության տեխնոլոգիաների ազգային կենտրոնը>> (ԿՏԱԿ), որը ստեղծվել է <<Կրթության որակ և համապատասխանություն>> առաջին վարկային ծրագրի շրջանակներում ներկայումս պատասխանատու է Հայաստանում կրթության բնագավառում իրականացվող ՏՀՏ քաղաքականության, ծրագրերի համար: Սակայն ԿՏԱԿ-ի ներկայիս հզորությունները բավարար չեն իրականացնելու վերը նշված գործառույթները:
Ենթաբաղադրիչի շրջանակներում <<Կրթության բարելավում>> ծրագիրը կաջակցի ԿՏԱԿ-ի կարողությունների հզորացմանը:

Ենթաբաղադրիչի նպատակներն են.
• Բարձրացնել կրթական համակարգում հաղորդակցության արդյունավետությունը ՏՀՏ-ի միջոցով:
• Աջակցել սովորողների գիտելիքների ձեռքբերումների մշտադիտարկմանը և գնահատմանը:

Ենթաբաղադրիչի խնդիրներն են.
• Աջակցել ԿՏԱԿ-ի հզորացմանը` որպես կրթության վիճակագրության կենտրոն հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության համար:
• Բարելավել ԿՏԱԿ-ի կարողությունները` Հայաստանի կրթական ցանցի տնօրինման արդյունավետության բարձրացման նպատակով
• Բարձրացնել ԿՏԱԿ-ի դերը` հզորացնելով նրա կարողությունները կրթության ոլորտում իրականացնելու ՏՀՏ մոնիտորինգ և գնահատում:
• ՏՀՏ գործիքների օգտագործման ոլորտում թիրախային խմբերի (ուսուցիչներ, վարչական կազմ) հմտությունների բարելավում` ներառյալ էլեկտրոնային նյութերի օգտագործումն ու գոյություն ունեցող տեղեկատվական համակարգերի կիրառումը:
• Բարձրացնել ԿՏԱԿ-ի դերը որպես տեխնիկական աջակցություն մատուցող կենտրոն:
• Բարելավել ԿՏԱԿ-ի կարողությունները` Հայաստանի կրթական ցանցի տնօրինման արդյունավետության բարձրացման նպատակով:

Ենթաբաղադրիչի շրջանակներում իրականացվող հիմնական գործողություններն են:

• ԿՏԱԿ-ի գրասենյակային տարածքի վերանորոգում, կարողությունների հզորացում` ներառյալ տեխնիկական վերազինումն ու նոր աշխատակազմի աշխատանքային պայմանների ստեղծումը:
• Հայաստանի կրթական համակարգի բոլոր մակարդակներում ՏՀՏ-ի կիրառման նպատակով համակարգչային սարքավորումների և ծրագրերի ձեռքբերում:
• Դպրոցներում սարքավորումների և ծրագրային ապահովման պահպանման նպատակով տեխնիկական աջակցության մեխանիզմի հիմնում:
• ԿՏԱԿ-ի աշխատակազմի վերապատրաստում կառավարման, պլանավորման, մշտադիտարկման և գնահատման ուղղությամբ:
• ԿՏԱԿ-ի համար կրթության բնագավառում ՏՀՏ–ի ռազմավարության մշակում:
• Դպրոցների, ուսումնարանների, համալսարանների և վերապատրաստող հաստատությունների ներկայացուցիչների համար վերապատրաստումների իրականացում ուղղված ուսուցման մեջ ՏՀՏ-ի ներդրմանը:
• Կրթական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստում ՏՀՏ օգտագործման, ներառյալ` էլեկտրոնային նյութերի կիրառման ուղղությամբ:
Ակնկալվում է վարկային ծրագրի ավարտին ունենալ անխափան գործող Դպրոցների ինտերնետային ցանց (Հայաստանի կրթական ցանց), կրթության կառավարման միասնական տեղեկատվական համակարգ, կայուն հիմքերի վրա դրված տեխսպասարկման և պահպանման կառուցվածք դպրոցների տեխնիկական և ծրագրային ապահովման համար:
 

Ենթաբաղադրիչ 1.4 Աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով

Հանրակրթութան իրականացումը հարափոփոխ գործընթաց է, այն պահանջում է ապահովել կյանքի հետ սերտ կապը` արագ արձագանքելով ժամանակի մարտահրավերներին, գիտատեխնիկական առաջընթացին և օրենսդրական փոփոխություններին:
Այդ գործընթացի հաջողությունը մեծապես կախված է կրթության բովանդակությունից, որի վերանայումը և համապատասխանեցումը արդի զարգացումներին դարձել է առաջնահերթ խնդիր:
Այսօր առաջին պլան է մղվել <<Կրթություն կյանքի համար>> կարգախոսը, ուստի հանրակրթությունը, որպես կրթության հիմնական օղակ, պետք է դիտարկել այդ տեսանկյունից:
Հանրակրթության հայեցակարգային դրույթները համապարփակ և ամբողջական տեսքով սահմանվել են <<Կրթության որակ և համապատասխանություն>> վարկային ծրագրի շրջանակներում մշակված, ՀՀ կառավարության 27.05.2004թ. N20 արձանագրային որոշման համաձայն հավանության արժանացած <<Հանրակրթության պետական կրթակարգում>>: Նույն ժամանակաշրջանում մշակվել և 2004 թվականի հունիսի 17-ին ՀՀ կառավարության N 900 որոշմամբ հաստատվել է նաև <<Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը>>: Կրթության բովանդակությունը սահմանող նշված երկու փաստաթղթերն էլ մշակվել են <<Կրթության որակ և համապատասխանություն>> վարկային ծրագրի շրջանակներում: Հետագայում, երբ ընդունվեց <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքը (2009թ.) Կրթակարգի բազմաթիվ բաժիններ և գաղափարներ ներառվեցին օրենքում, սակայն շատ բաժիններ, որոնք օրենքի ձևաչափով սահմանել հնարավոր չէր, որպես հայեցակարգային դրույթներ մնացել են Կրթակարգում և ենթակա են վերանայման: Նույն հիմնավորմամբ վերանայվեց նաև <<Միջնակարգ կրթության չափորոշիչը>>, որի հիմքի վրա մշակվեց և ՀՀ կառավարության 2010թ. ապրիլի 8-ի N 439-Ն որոշմամբ հաստատվեց նոր <<Հանրակրթության պետական չափորոշիչը>>:
Համաշխարհային բանկի <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում շարունակվում է աջակցությունը հանրակրթության ոլորտի բարելավմանը: Ստորև ներկայացվող <<Հանրակրթության որակի բարելավում՝ կրթագարգի և չափորոշիչների վերանայման միջոցով>> ենթաբաղադրիչը <<Հանրակրթության բարելավում>> ծրագրի կարևոր բաղկացուցիչ է: Այն ուղղված է հանրակրթության բովանդակության վերանայմանը և արդիականացմանը, ինչի շնորհիվ վերջնարդյունքում կապահովվի որակյալ կրթություն:


Ենթաբաղադրիչի նպատակներն են
• Բարելավել կրթության որակը կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով:
• Ապահովել սովորողների գիտելիքների և հմտությունների բարելավումը համաձայն արդի պահանջների:
Ենթաբաղադրիչի խնդիրներն են.
• աջակցել հանրակրթական դպրոցի տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերին համապատասխան` առարկայական չափորոշիչների ու ծրագրերի վերանայմանը,
• կարճատև վերապատրաստումների միջոցով ուսուցիչներին իրազեկել նոր առարկայական չափորոշիչներում և ծրագրերում կատարված փոփոխությունների մասին:
Ենթաբաղադրիչի շրջանակներում իրականացվող գործողություններն են

Պլանավորված գործողությունները փոխկապակցված են և պետք է իրականացվեն հաջորդաբար, քանի որ յուրաքանչյուր հաջորդ գործողություն պետք է հիմնվի նախորդի արդյունքների վրա: Այսպես, ենթաբաղադրիչի շրջանակներում պլանավորված են հետևյալ աշխատանքները, որոնք 2015 թվականից սկսած հաջորդաբար պետք է իրականացվեն:
Նախատեսված է ծրագրի ընթացքում.
• իրականացնել կարիքների գնահատման հետազոտություն կրթակարգի վերանայման ուղղությամբ,
• հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով ձևավորել աշխատանքային խումբ, որը կմշակի նոր հայեցակարգ,
• ստեղծել աշխատանքային խմբեր հանրակրթական ընդհանուր հիմնական ծրագրի առարկայական չափորոշիչների ու ծրագրերի վերանայման նպատակով,
• իրականացնել ուսուցիչների կարճատև տեղեկատվական բնույթի վերապատրաստումներ,
• կազմակերպել վերապատրաստման դասընթացներ դասագրքերի հրատարակիչների և նրանց կողմից ներկայացված հեղինակների հավանական կազմի համար:


Ենթաբաղադրիչի շրջանակներում իրականացված աշխատանքները

2015 թվականի ընթացքում նախապատրաստական աշխատանքներ են տարվել հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքների գնահատման նպատակով նախատեսված հետազոտությունն իրականացնելու ուղղությամբ: Հետազոտության նախապատրաստական աշխատանքների շրջանակներում կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ` ուսումնասիրության ենթակա հարցերի ճշգրտման և տեխնիկական առաջադրանքի նախագիծը պատրաստելու համար: Ելնելով քննարկումների արդյունքներից, հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքների գնահատման հետազոտությունն իրականացնելու նպատակով մշակվել և հաստատվել է հետազոտության տեխնիկական առաջադրանքը: Հետազոտությունն իրականացվել է <<Ի - Վի Քոնսալթինգ>> ՓԲԸ-ն <<Այբ>> կրթական հիմնադրամի հետ համատեղ: Հետազոտությունն ավարտվել է 2016 թվականի մարտին: Արդյունքների վերաբերյալ նախնական հաշվետվությունը ներկայացվել է մարտի 11-12-ին հրավիրված աշխատաժողովում, որի արդյունքների վերաբերյալ սույն կայքում տեղադրված է համապատասխան տեղեկատվություն:
Գնահատման հետազոտության վերջնական հաշվետվությունը, որը կազմվել է հաշվի առնելով վերոհիշյալ աշխատաժողովում արված դիտողությունները և առաջարկությունները` ներկայացվել է մարտի 17-ին: Այն տեղադրված է կայքում:
Ենթաբաղադրիչի շրջանակներում հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով 2016 թվականի մարտին ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշմանը համապատասխան ձևավորվել է համակարգող հանձնաժողով, որը ստեղծել է մասնագիտական աշխատանքային խումբ: Վերջինս իր աշխատանքները կսկսի ապրիլ ամսից:

Սպասվելիք արդյունքները

Ակնկալվում է Ծրագրի ավարտին (2019թ.) ունենալ հանրակրթության նոր, միասնական պետական չափորոշիչ և դրան համապատասխան վերանայված և լրամշակված առարկայական չափորոշիչներ ու ծրագրեր, ինչպես նաև առարկայական չափորոշիչներում և ծրագրերում կատարված փոփոխություններին լավատեղյակ ուսուցիչներ:
 

Նորություններ

19.06.2017 Կրիմինալիստիկայի լաբորատորիա ՆՄՀ դրամաշնորհով     Հունիսի 14-ին աշխատանքային այցով Երևանի Գլաձոր համալսարանում( ԵԳՀ) էին ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: ԵԳՀ Դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ռիմա Այդինյանը ներկաներին ծանոթացրեց ՆՄՀ շրջանակներում <<«Իրավագիտություն մասնագիտության արդիականացում >> դրամաշնորհային ծրագրի ընթացիկ... 19.06.2017 Մեկնարկել են վերապատրաստողների վերապատրաստման դասընթացները        <<Կրթության բարելավում>> ծրագրի համատեքստում «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի շրջանակներում իրականացվել են ՏՀՏ վերապատրաստումների կարիքների գնահատման, ՏՀՏ կիրառմամբ առարկաների դասավանդման համար վերապատրաստման մոդուլների մշակման և վերապատրաստողների վերապատրաստման աշխատանքներ: Արդյունքում ստեղծված վերապատրաստման մոդուլների հիման վրա իրականացվում են բուհերի և դպրոցների... 19.06.2017 Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի թիմի ղեկավարը հանդիպել է ՀՀ կրթության և գիտության նախարարին Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի թիմի ղեկավար Քրիստիան Աեդոյի գլխավորած պատվիրակությանը հանդիպել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին: Հանդիպմանը ներկա են եղել Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում»ծրագրի թիմի համաղեկավար Նինո Կուտատելաձեն, փորձագետ Օնի Լուսկ-Սթոուվերը, ԿԳՆ ՀԲ երևանյան գրասենյակի կրթության փորձագետ Անուշ Շահվերդյանը, ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գ. Հովհաննիսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում Համաշխարհային բանկի աջակցությամբ...